▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մոտ կրկնակի ողբերգություն էր, մեր հայրենակիցներին կորցրեցինք համավարակի պատճառով ու պատերազմում

Դիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովն այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:

Աշխարհի տարբեր երկրներից գագաթնաժողովին մասնակցող քաղաքական և տնտեսական, գիտական և տեխնոլոգիական շրջանակների, փորձագիտական և վերլուծական հանրույթի հայտնի ներկայացուցիչները երկու օր կքննարկեն գագաթնաժողովի հիմնական երկու թեմաները՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տեխնոլոգիական զարգացումները:

«Մտքերի գագաթնաժողով»-ի գործընկեր, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն, ողջունելով ներկաներին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում, իր բացման խոսքում մասնավորապես ասել է.

«Մենք հպարտ և ուրախ ենք այստեղ գտնվելու համար։ Մեծապես երախտապարտ ենք նախագահ Սարգսյանին՝ մեզ հյուրընկալելու համար։ «Մտքերի գագաթնաժողովը» մշտապես միավորում է երեք հիմնական բաղադրիչ՝ հիանալի բովանդակություն, հիանալի մարդկանց և հիանալի քննարկումներ։ Դիլիջանը, «Մտքերի գագաթնաժողով»-ն այստեղ՝ Հայաստանում այդ բոլոր երեք բաղադրիչներն ապահովում է»:

Իր խոսքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով իրավիճակն աշխարհում, գործընկերների հետ որոշել են գագաթնաժողովը անցկացնել հիբրիդային ձևով։

«Սա երրորդ գագաթնաժողովն է և առաջին անգամ է անցկացվում հիբրիդային տարբերակով,- ասել է նախագահը,- սակայն համոզված եմ, որ ապագայում շատ համաժողովներ կանցկացվեն հիբրիդային ձևով, քանի որ դա է պահանջում նոր աշխարհը։ Այս գագաթնաժողովի խորագիրը նոր աշխարհի կամ, ինչպես ես եմ անվանում, քվանտային աշխարհի մասին է։

Գագաթնաժողովը ներառում է երկու թեմա։

Առաջինը նվիրված կլինի աշխարհաքաղաքականությանը, որը փոխվում է ամեն օր։ Աշխարհը միաբևեռ կամ բազմաբևեռ չէ, այն շատ ավելի բարդ է, և մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպես ապրել այս նոր գլոբալ, քվանտային աշխարհում։ Խորագրի այս հատվածը նվիրված է նաև տարածաշրջանային քաղաքականությանը, քանի որ վերջին շրջանում այստեղ՝ Հայաստանում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում տեղի ունեցած պատերազմը, իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը։ Մեր քննարկումների երկրորդ մասը լինելու է ապագայի մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները փոխելու կամ արդեն իսկ փոխում աշխարհը։ Արդյոք մենք նկատում ենք, որ աշխարհը փոխվել է»:

http://asekose.am/filemanager/uploads/Armen_Sargsyan.jpg

Նախագահը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվող՝ չորրորդ գագաթնաժողովը միավորվելու է Հայաստանում սպասվող մեկ այլ կարևոր իրադարձության՝ STARMUS-ի հետ, որը գիտությանը, երաժշտությանը և տեխնոլոգիաներին նվիրված համաժողով է:

«STARMUS-ը ևս նվիրված է լինելու ապագային»,- ասել է նախագահը՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ աջակցում է և «Մտքերի հայկական գագաթնաժողովին», և STARMUS-ին:

Նշելով, որ անցյալ տարվա երկրորդ և այս տարվա երրորդ հայկական գագաթնաժողովների միջակայքում աշխարհը համավարակի հետևանքով կտրուկ փոխվել է՝ նախագահն ասել է, որ երբ ամբողջ աշխարհում COVID էր, որն իր հետ բերեց համաշխարհային ողբերգություն, մեր հարևանները պատերազմ հրահրեցին.

«Մեզ մոտ կրկնակի ողբերգություն էր, մենք մեր հայրենակիցներին կորցրեցինք ոչ միայն համավարակի պատճառով, այլ նաև պատերազմում, կորցրեցինք, հիմնականում երիտասարդ կյանքեր»:

 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

 

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին