▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ «նացիստ» է անվանում մի ղեկավար, ով երկու տասնամյակ զբաղված է քնած հային սպանողի հերոսացմամբ»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բառացի թարգմանությամբ տեղադրում եմ France 24-ի և Իլհամ Ալիևի հարցազրույցի՝ հայ գերիներին վերաբերող հատվածը։ Թարգմանությունն իմն է։
«Թղթակից. Ես ուզում եմ անդրադառնալ ձեր երկրի ռազմական դատարանի որոշմանը, որը խիստ ազատազրկման դատավճիռներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի 13 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ նախկին առաջնորդի համար ցմահ բանտարկություն: Հաղորդագրություններ կային, որ ԱՄՆ փոխնախագահը խոսել է այս հարցի շուրջ և խնդրել է ձեզ, որ գուցե ներում շնորհեք նրանց՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջոց: Արդյո՞ք նա դա արել է, և դուք կանե՞ք դա:
Նախագահ Իլհամ Ալիև. Փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, այլ հարցերի շարքում, նա նույնպես բարձրացրել է այս հարցը, և ես արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և վերջ: Մենք հիմնականում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումը, TRIPP-ը և Հայաստանի հետ պաշտոնական խաղաղության հեռանկարները: Ինչ վերաբերում է այս մարդկանց, որոնց դուք հիշատակեցիք, սրանք անօրինական անջատողական ռեժիմի առաջնորդներն են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում՝ ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում, որը ճանաչվել է որպես այդպիսին ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից:
Տարիներ շարունակ այս մարդիկ եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, և նրանք ենթարկվել են արդարադատության: Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում և ենթարկվել արդարադատության: Նրանց տրամադրվել են փաստաբաններ: Դատավարությունը բացարձակապես թափանցիկ էր: Նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, բազմաթիվ ցուցմունքներով, և չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։
Թղթակից. Բայց կարո՞ղ եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ։
Նախագահ Իլհամ Ալիև. Ի՞նչ նկատի ունեք։
Թղթակից. Շրջեք էջը և ներում շնորհեք նրանց կամ նման մի բան։ Կարող եք ժեստ անել։ Սա ձեր լիազորությունների սահմաններում է։
Նախագահ Իլհամ Ալիև. Գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո, և բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, երկու ամսից ոմանք կգան և կասեն՝ խնդրում եմ ազատ արձակեք նրանց։
Թղթակից. Նույնն է ձեզ համար։
Նախագահ Իլհամ Ալիև. Այո, անկասկած։ Ավելի վատ է, ավելի վատ։ Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արվածը»։
Իմ կողմից կասեմ հետևյալը. եթե ՀՀ-ում լիներ պետական շահը սպասարկող, այլ ոչ թե Ալիևին գործընկեր իշխանություն, կասեր՝ եթե այդքան ապացույցներ ունես, էլ ինչո՞ւ ես «Խաղաղության պայմանագրում» դրույթ մտցրել միջազգային հայցերի հետքաշման մասին, դե գնա ապացուցի միջազգային դատարանում։
Դե, իհարկե, էլ չեմ խոսում նրա մասին, որ մեզ «նացիստ» անվանում է մի ղեկավար, ով արդեն երկու տասնամյակ զբաղված է քնած հային սպանող Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ։ Մարդ, ում քաղաքականության հետևանքով Ադրբեջանի զինծառայողներն իրագործել են սարսափելի ռազմական հանցագործություններ, անգամ տեսանկարել դրանք, որոնց թվում էր նաև հայ կին զինծառայողի անդամահատման դեպքը 2022 թվականին՝ ՀՀ-ի դեմ հարձակման ժամանակ։
Ինչպե՞ս չպետք է Ալիևն աջակցի Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս օգնել է իրեն մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից, պետական մակարդակով ատելության քարոզից, բլոկադայից, էթնիկ զտումից, բռնի տեղահանումից, ավելին՝ հստակ զավթողական ծրագրերով է արդեն հանդես գալիս՝ «խաղաղություն» իմիտացնելով։
Միակ դրական արձանագրումն այն է, որ Վենսը բարձրացրել է այդ հարցը Բաքվում»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես հռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումները, ապօրինի բանտարկությունները և մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները։
Հայ գերիները «նացիստ» չեն։
Նրանք իրենց հայրենիքում ապրող և արարող մարդիկ էին՝ զինվորներ, քաղաքացիական անձինք, պաշտոնյաներ, ովքեր ծնվել, ապրել ու աշխատել են Արցախում՝ իրենց տներում, իրենց հողում։
Նրանք չեն ներխուժել ուրիշի երկիր, չեն եկել օկուպացնելու, չեն գնացել ոչնչացնելու այլ ժողովուրդների։ Նրանք պաշտպանել են իրենց ընտանիքները, իրենց համայնքները, իրենց գոյության իրավունքը։
Այս պարագայում «նացիստ» բառն օգտագործվում է մեկ նպատակի համար՝ արդարացնել արցախցիների բռնագաղթն իրենց հայրենիքից, օրինականացնել էթնիկ զտումը և լռեցնել միջազգային հանրության խղճի վերջին մնացորդները։
Երբ Ալիևը հայերին համեմատում է ֆաշիստների հետ, նա փաստացի փորձում է պատմական հանցագործության լեզվով ծածկել իր իսկ ռեժիմի իրականացրած հանցագործությունները՝ շրջափակում, սովամահության հասցնող քաղաքականություն, ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության ահաբեկում, բռնի տեղահանում, էթնիկ զտում:
Բայց ամենացավալին սա չէ։ Ամենացավալին այն է, որ Հայաստանի իշխանությունը՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, այս ատելության լեզվին ոչ թե հակադրում է պետական արժանապատվություն, այլ՝ լռություն, զիջումներ և «խաղաղության» անվան տակ պարտվողական քաղաքականություն։
Երբ հայ գերիներին անվանում են «նացիստ»,
իսկ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել «խաղաղության օրակարգից», երբ Բաքուն համեմատում է հայերին մարդկության դեմ հանցագործների հետ, իսկ Հայաստանը համաձայնում է միջազգային հայցերից հրաժարվելու գաղափարին, սա դիվանագիտություն չէ։ Սա ինքնազրկում է։
Խաղաղություն չի լինում այն ժամանակ, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»։
Խաղաղություն չի լինում, երբ քո ժողովրդին իրավազրկում են, իսկ դու լռում ես՝ հանուն «հարաբերությունների բարելավման»։
Խաղաղություն չի լինում, երբ զոհին ստիպում են արդարացնել դահիճին։
Հայ գերիները ֆաշիստներ չեն։
Նրանք հայեր են։
Մարդիկ են։
Իրենց տանն ապրած, իրենց ապրելու իրավունքը պաշտպանած մարդիկ։
Եվ ով դա համեմատում է նացիստների հետ՝ կամ գիտակցաբար ստում է, կամ փորձում է սեփական հանցագործություններին «բարոյական հիմք» տալ։
Այս ցինիկ հայտարարությանն ի պատասխան լռությունը համակրանք է հանցագործության նկատմամբ»։

Կարդացեք նաև նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդացեք սա, խաղաղասերներ: Ուշադիր կարդացեք: Ահա ինչու է նիկոլն ու իր բանդան նպատակային ատելության քարոզ տանում արցախցիների հանդեպ: իլհամի ոտի տակի ցեխ: Մենք ահավոր խայտառակ վիճակում ենք: Ի՞նչ խաղաղություն սրանց հետ։
Հա, մոռացա, լավ քեֆ արեցի՞ք երեկ թուրքերի հետ, հայ գործիչնե՛ր, ո՞ր ռեստորանում էիք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին