«Մեր բանակն իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններում, ոչ թե շքերթներում, այլ մարտի դաշտում։ Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,– ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին փետրվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է երդմնակալության արարողության ժամանակ։
«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- հավելել է նա։
Ալիևը նաև պնդել է՝ «ինչքան էլ Հայաստանը հովանավորներ ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել»։
«Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը»,- ասել է Ալիևը։
Նա նաև զերծ չի մնացել Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց՝ հայտարարելով, թե «Հայաստանը, կարծես թե ,մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն այդ պարտավորությունները»։