Պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո Դավիթ Սեդրակյանի գործերն այնքան էլ վատ չեն ընթանում․ միայն 2023 թվականի ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման տարբեր մարմիններ ընդհանուր 1 մլրդ 335 միլիոն դրամի գնում են կատարել Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։ Գրել է Hetq-ը։
Այդ ընկերության հետ այս տարվա ընթացքում կնքվել է 4 պայմանագիր, որոնցից 2-ը` Երևանի քաղաքապետարանը, 1-ը՝ Վաղարշապատի համայնքապետարանը, 1-ն էլ՝ ԿԳՄՍ նախարարությունը։
«Բիդեք» ՍՊԸ-ն ամենախոշոր պատվերը ստացել է Վաղարշապատի համայնքապետարանից։ Մի քանի օր առաջ՝ օգոստոսի 18-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերությունը 725 միլիարդ դրամի դիմաց պարտավորվել է կատարել Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ կնքած պայմանագրի արժեքն էլ կազմել է 432 միլիոն դրամ, որի դիմաց «Բիդեք» ՍՊԸ-ն պետք է հիմնանորոգի Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանը։ Այդ պայմանագիրը կնքվել է տարեսկզբին՝ 2023թ․ հունվարի 24-ին։
Այս տարվա մյուս երկու պայմանագրերի պատվիրատուն եղել է Երևանի քաղաքապետարանը։ Հունիսի 30-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ն 120 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է բարեկարգել Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 23 մանկապարտեզի բակը։ Քաղաքապետարանի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև մարտի 1-ին կնքված պայմանագրով էլ ընկերությունը կատարել է Երևանի կենդանաբանական այգու էլեկտրական ներքին ցանցի բարելավման աշխատանքներ, որի համար ստացել է 58 մլն դրամ։
Նախորդ տարիներին ևս «Բիդեք» ՍՊԸ-ն խոշոր պատվերներ է ստացել պետական տարբեր գերատեսչություններից։ Օրինակ՝ 2022 թվականին 2,6 միլիարդի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության կոմիտեն՝ Երևանի պետական կոնսերվատորիայի վերանորոգման աշխատանանքերի համար։ Այդ մասին «Հետքը» նախկինում հրապարակումներ ունեցել է։
Միլիարդավոր դրամների պետգնումներ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ընկերությունից
Ըստ armeps.am համակարգի՝ «Բիդեք» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել 2017 թվականից՝ պետական տարբեր մարմինների հետ կնքելով մոտ երեք տասնյակից ավել պայմանագրեր, սակայն կան ավելի վաղ կնքված պայմանագրեր, որոնք Armeps-ում հրապարակված չեն, օրինակ՝ 2014 և 2016 թվականների պայմանագրեր, որոնց մասին ևս նախկինում «Հետքը» գրել է, սակայն այդ պայմանագրերից և ոչ մեկը այնքան խոշոր չեն եղել, ինչքան 2021, 2022 կամ 2023 թվականին կնքված պայմանագրերը։
Հարկ է նշել, որ պետական գնումների գործընթացին մասնակցելը «Բիդեք» ՍՊԸ-ի գործունեության մի մասն է ընդամենը։ Ընկերությունը ներգրաված է նաև բնակելի շենքերի կառուցապատման ոլորտում և բազմաբնակարան շենքեր է կառուցում Էրեբունի, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 2019 թվականը ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը։ Վերջինս Դավիթ Սեդրակյանի հոր՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմաի Մհեր) ընկերն է։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75 տոկոսը փոխանցել է Դավիթ Սեդրակյանին, և մինչև օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 22-րդ համարն էր, և արդյունքում Սեդրակյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր։
2021թ․ հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Ըստ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ մանդատից հրաժարվելու «պատճառները եղել են անձնական»։