▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բան պատմեմ...Արմեն Դուլյանն` Արցախի առաջին փաստացի նախագահ Արթուր Մկրտչյանի մասին

1992 թվականի հունվարին պիտի տեղի ունենար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի առաջին նստաշրջանը... Հայաստանի խորհրդարանում էի աշխատում, շեֆս՝ Գրիգորի Գուրգենիչը՝ Գուրգեն Մահարու տղան ասաց՝ ՙԿգնա՞ս իրենց օգնելու՝ առաջին որոշումները ճիշտ ձեւակերպելու՚... Նոր տարվա սեղանին ինչքան կոնֆետ ու չարազ կար հավաքեցի եւ ուղղաթիռով՝ Իգոր Մուրադյանի, Վահան Հովհաննիսյանի, Դավիթ Շահնազարյանի, Կիմ Բալայանի հետ սառած Սեւանի վրայով հասանք Ստեփանակերտ... Արցախի խորհրդարանի ղեկավար, այսինքն նաեւ Ղարաբաղի փաստացի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը... Ասացի՝ ՙՊարոն Մկրտչյան, քանի որ ես եմ գրել ձեր ընտրվելու մասին Արցախի Գերագույն խորհրդի որոշումը, իրավունք եմ վերապահում ինձ որպես նաեւ հայաստանյան լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչ առաջին հարցազրույցը խնդրել ձեզնից՚... Շատ զգույշ էր հարցազրույցի ժամանակ, գիտեր, որ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները բոլորովին չեն հավանում, որ արցախցի պատգամավորները ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ իրեն ընտրեցին... Շատ լավ պատկերացնում էր, որ Ղարաբաղի առաջնորդ ընտրվելուց հետո իր ամեն խոսքը մեծ կշիռ է ունենալու ու աշխատում էր խուսափել սուր անկյուններից, ինչը ինձ որպես լրագրողի, բնականաբար, բոլորովին դուր չէր գալիս... Հետո՝ ընդամենը մի քանի շաբաթ հետո, երբ իմացա նրա մահվան մասին, հասկացա, որ իսկական պետական գործչի մտածողություն ուներ... Այսքանը:

 

Արմեն Դուլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին