▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միանձնյա որոշում, Արցախը թուրքին է հանձնում, բայց փողոցների տեսախցիկները հանելու հարցում ուզում է հանրաքվե անցկացնի...»

«Նիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում, բայց այ փողոցների տեսախցիկները հանելու հարցում անպայման ուզում է հանրաքվե անցկացնի...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Վարդանյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը՝ ընդհուպ մինչև 2018 թվականը։

Նիկոլ Փաշինյանի՝  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մանրամասները՝ ստորև․

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ ծառայողական մեքենաների մոտ 80 տոկոսը կկրճատվի։

Նա նշեց, որ ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու է կացնային ձևով։

«Ես ծառայողական մեքենաների ցուցակներն ուզում եմ, եւ առավոտ էլ էի դրանով զբաղված, եւ էսպես գրիչով խազեր եմ քաշում էդ մեքենաների վրա։  Խոսքը ծառայողական մեքենաների մասին է, որոնք ծառայում են անձանց։ Դրանց մոտ 80 տոկոսը կկրճատվի»,– ասաց Փաշինյանը։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, որ 2015 թվականին որպես ընդդիմադիր պատգամավոր ինքն արագաչափերի վերաբերյալ հայտարարում էր, թե դրանք պետք է հանվեն, սակայն հեղափոխությունից հետո արագաչափերի թիվը զգալիորեն ավելացավ։

«2018 թվականի հեղափոխությունից հետո ես այդ հարցի մասին սկսեցի բարձրաձայնել և այդ ժամանակ էլ նկատեցի, որ հանրության շրջանում սոցցանցերում որոշակի հոռատեսություն կա այս խնդրի վերբաբերյալ»,– ասաց նա՝ հավելելով, թե բնակիչներն իրենք էին իրեն խնդրում փողոցներում արագաչափեր դնել՝ անվտանգության համար։

Փաշինյանը նաև վստահեցրեց, որ ինքը կաջակցի արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնությանը

«Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որպեսզի սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ»,– ասաց նա և հավելեց․

«Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգան ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 000 ստորագրության։ Այս հարցը պետք է լուծել համաժողովրդական ձևով»,- նշեց Փաշինյանը։

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրել։

«Վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք։ Կա՞ արդյոք նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն։ Կարծում եմ՝ այո։ Ինչո՞ւ մենք դատական համակարգում ունենք այն պրոբլեմները, որոնք ուզում ենք լուծել։ Պատճառներից մեկն այն է, որ մենք իրապես ուզում ենք ունենալ իրապես անկախ դատական համակարգ»,– նշեց նա։

***

Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին։

Դիտարկմանը, որ Աղազարյանը դեռ մանդատը վայր չի դրել, Փաշինյանն ասաց․ «Հույս ունեմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»։ 

Նա կրկնեց, որ խնդիրն անձավորված չէ, այլ համակարգային է։

***

«Մամուլում շահարկվում է, որ հեռացած պաշտոնյաներին հրաժարական տալու խնդրանքը դուք փոխանցել եք SMS հաղորդագրություններով կիրակի ուշ երեկոյան, սա ճիշտ է»,- «Հանրային Հ/Ը» եթերում Նիկոլ Փաշինյանին հարց հղեց հարցազրուցավարը:

«Կիրակի օրը` այո, ուշ երեկոյանը` ոչ, տեքստայինը` այո, ընդ որում, կան բարոյական նրբություններ, որովհետև ես կարևոր եմ համարել, որ այն, ինչ ասել եմ, լինի գրավոր: Որովհետև բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել տարընթերցումներ:

Սա միանձնյա որոշում էր, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը»,- պատասխանեց վարչապետը:

***

«Կադրային փոփխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես հրապարակայնորեն քննարկվում են․․․ Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Այդ կադրային փոփոխություններն իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են»,- այս մասին այսօր «Հանրային հեռուստատեսության» եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու է «իր համբերության բաժակը լցվել» և թե ինչու են տեղի ունեցել պաշտոնանկություններ։

Փաշինյանը նշեց, որ գնահատում է պաշտոնանկ արված պաշտոնյաների կատարած աշխատանքը․ «Մեր գործընկերները համակարգային շատ լուրջ փոփոխություններ են իրականացրել, այո, այդ առումով, լավ էին աշխատում»։

«Իմ ընկալմամբ՝ ղեկավար պաշտոնյան մի կողմից պետք է համակարգը առաջնորդի, և այդ առումով լինի համակարգի մաս, իսկ որոշ առումով պետք է որոշակի տարանջատվածություն ունենա համակարգից, որպեսզի կարողանա հենց համակարգը տեսնել կողքից և հետագա համակարգային փոփոխությունն իրականացնել։ Պետական կառավարման համակարգում լինում է, որ գալիս է մի պահ, որ այդ փոփոխությունները բերող առաջնորդները իքս պահից դառնում են հենց համակարգի մաս, այսինքն, բարեփոխումների պրոցեսը հնարավոր չի դառնում․․․ Որպեսզի համակարգը փոխենք, պետք է համակարգի թերությունները տեսնենք․․․ Հայացքի սրությունը կարող է կորչել։ Ինձ հետ էլ է լինում, որ թերությունները տեսնելով, այնուամենայնիվ, կտրուկ գործողություններից մի իքս պահի սկսում ենք խուսափել։ Դա հասկանալի, բայց երբեմն ոչ օգտակար գործելակերպ է»,- պարզաբանեց Փաշինյանը։

***

«Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ուզում եմ մի գաղտնիք բացել: Վերջին շրջանում, կներեք, որ Հայաստանում անկախ դատական համակարգ չկա, կամ մարդկանց ընկալումն է այդպիսին: Մարդկանց որ հարցնենք, նա ո՞վ է դրա պատասխանատուն: Մարդիկ ո՞ւմ անունն են տալու: Իմ անունն են, չէ ,տալու: Բա ես էդ պատասխանատվությունը ո՞նց կրեմ: Մարդը համակարգը պիտի փոխի:

Բոլոր էն մարդիկ, ում ես խնդրել եմ թողնել պաշտոնը, նրանք էդ համակարգերը փոխել են: Նրանց համակարգերը իրենց նշանակման պահին նույնը չեն եղել, ինչ հիմա: Բայց գալիս է մի պահ, երբ որ համակարգը փոխող մարդն այնքան շատ է հարազատ դառնում համակարգին, որ հետագա դինամիկ փոփոխության պոտենցիալը էականորեն նվազում է: Իմ ընկալմամբ` դա է այն կետը, որտեղ ես պետք է (հրաժարական տալու-խմբ.) խնդրանքով հանդես գամ»:

***

«Կարող եմ հաստատել, որ Դատախազաի տեղակալ Արթուր Պողոսյանի թեկնածությունն եմ առաջադրելու ՔԿ նախագահի պաշտոնում: 2020թ-ին կամ ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար: Այդ նույն ահազանգերը` կոռուպցիոն գործարքների շուրջ եղել են նաև այդ ժամանակ և հերքվել են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

***

Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ունեմ թեկնածուներ։ Այդ մասին «Հանրային հեռուստաընկերության»-ը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկա օրերին ես թեկնածուների հետ մի քիչ ավելի մանրամասն կշփվեմ, որոշ հարցերի շուրջ քննարկումներ կունենամ և որոշում կկայացնեմ, թե ում եմ առաջադրում»,- նշեց նա:

***

«Ես կառավարության նիստի դռնփակ մասում ասացի, որ նաև 2018 թվականից ես ունեմ հանձնարարական՝ զբաղվելու այդ գործով, և ունեմ զեկույցներ, որ այդ խնդիրը լուծվել է, լուծվում է»,- «Հանրային հեռուստաընկերության»-ը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենաների թիվը կրճատելու իր խոստմանը:

«Ինձ թվում էր, թե մենք այդ հարցերն էականորեն, շատ ծանրակշիռ ձևով լուծել ենք, եթե ոչ 100%-ով, գոնե 60-70%-ով, բայց իրականությունը մի փոքր այլ է․․․ Ես հասկանում էի, որ այդ հարցում, ինչպես շատ հարցերում, կացնային մոտեցումը կարող է ուղղակի բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ կազմակերպչական, աշխատանքային և այլն: Եվ ես երեկ մեր գործընկերներին ասացի՝ քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար, հիմա ես ամենայն հարգանքով այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։ Հիմա ինչ է տեղի ունենում․ ես գերատեսչությունների մեքենաների ցուցակները ուզում եմ և առավոտն էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց էլի այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է կտրել»,- նշեց Փաշինյանը:

Հարցին, թե քանի տոկոսն է «կացինով կտրելու», Փաշինյանը պատասխանեց. «Շատ մեծ տոկոս, մոտավորապես 80, 90 տոկոսը: Բայց ես ուզում եմ ասել, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում, գերատեսչություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքների: Այդ մեքենաների թիվը չի կրճատվի ընդհանրապես։ Հնարավոր է` նույնիսկ ավելանա այս մյուս մեքենաների հաշվին»:

Եթե սահմանը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելու Բաքվի պահանջին։

Փաշինյանը նշեց, որ նման առաջարկ արդեն արվել է Ադրբեջանին։

Նա հիշեցրեց, որ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին և հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակեն սահմանազատումը․ «ՀՀ–ն իր մտեցումն է ներկայացրել, Ադրբեջանն՝ իրենը։ Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի որ հատվածում սահմազատումը շարունակել»։

Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանի իշխանությունները կենտրոնացած են COP29–ի վրա և համաժողովի ամփոփումից հետո պրոցեսները կշարունակվեն։

***

«Բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի Սահմանադրության հարցը մենք չենք քննարկել և օրակարգում չենք ներառել, բայց որ Ադրբեջանը նման դիրքորոշում ունի, դա փաստ է»,– Հանրայինի ՀԸ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանն ասում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Մեր քաղաքական արձագանքը մեծ հաշվով էդքան կարևոր չէ, որովհետև ՍԴ-ն է հարցին անդրադարձել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման համատեսքտում:

Ադրբեջանն ինչու է այդ հարցը բարձրացնում, որովհետև իրոք ունի մտավախություններ և մտահոգություննե՞ր, թե դա անում է խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու համար:

Հաշվի առնելով բանակցություններում առկա որոշակի առաջընթացը, մենք չենք ուզում առաջնորդվել տրամաբանությամբ, որ Ադրբեջանը հատուկ փակուղի է մտցնում: Դրա համար մենք հատուկ փաստարկներով փորձում ենք էդ մտավախությունը փարատել:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ։ Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցության գործընթացը մտցնել փակուղի, և երկրորդ,  խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Իսկ այդ պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված  ուրիշ հատվածում արձանագրվում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ, և պարտավորվում են ապագայում էլ չառաջադրել տարածքային պահանջներ»,- մանրամասնեց վարչապետը:

***

Հիմա մենք ինչքան ենք նեղվում, երբ ասում են «Արևմտյան Ադրբեջան» և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ մարդիկ օգտագործում են այդ տերմինը: Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է:

«Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականությանբ կորուստ: Ես չեմ կարող դա թույլ տալ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ հիմա նորից իրեն մեղադրելու են հերթական դավաճանության, «ստոր տականքության» մեջ։

***

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ խաղաղության պայմանագրի կնքման ռեալ հնարավորության դեպքում կարելի է Ադրբեջանի հետ գնալ գործարքի: «Դա կնշանակի, որ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար:

Ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չպետք է ներկայացնենք և հույս ունենանք, որ ապագայում էլ հայց ներկայացնելու առիթ չի լինի: Բայց տրամաբանությունը կլինի այն, որ եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, դա ոչ իրենց, ոչ մեզ ապագայի հետ կապված հարցերի վերաբերյալ չի սահմանափակելու, որպեսզի մենք դա անենք»,- ասաց վարչապետը:

***

«Մարզային այցերի ժամանակ ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապահության համակարգում առկա են, և իմ գնահատականն այն էր, որ մենք դեռևս պատրաստ չենք այդ մեծ քայլը անելուն»,- այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առողջապահության ապահովագրության անցնելու մասին:

«2018-ից ի վեր առողջապահության բյուջեն կրկնապատկվել է։ Պետական բյուջեի հաշվին սպասարկման դեպքերի թիվը ավելացել է․․․ Բայց ես չեմ զգում, որ մարդկանց գոհունակության մակարդակը ավելացել է: Սա ֆենոմեն է, որն ինձ համար բացում է անորոշություններ: Մինչև այդ անորոշությունների պատասխանը չստանամ, ես որոշում չեմ կայացնի առողջապահության ապահովագրության ներդրման համար: Որովհետև կարող է պարզվել, որ մեր դիմաց մի մեծ խորշ կա, որը մենք չենք տեսնում և կարող է մեծ ձախողում, մեծ փլուզում լինել, որը մեզ վրա շատ ծանր կնստի․․․ Մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների այնքան մասի պատասխանը ունենանք, որ պատկերավոր ասած, մի քանի կմ դեմներս տեսադաշտ լինի»,- նշեց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին