Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, որ իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ, հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է: Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները:
Առողջապահության նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին պաշտոնապես հայտնում է, որ չկան «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ: Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Այս նուրբ թեման կեղծ տեղեկություններով շահարկելու հաշվին քաղաքական դիվիդենտեր հավաքելը դուրս է բարոյականության բոլոր սահմաններից:
Առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք որդի կորցրած բոլոր մայրերին, հայրերին և նրանց հարազատներին: Ցավում ենք, որ ստիպված էինք այս թեմայով նման գրառում անել»: