▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում»․ Վարդան Օսկանյան

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին: «Ես միշտ համարել եմ, որ սա բացառիկ առիթ է տարին մի անգամ հնարավորություն ունենալ բոլորի առաջ ելույթ ունենալ, քո խնդիրները բարձրացնել, քննարկել՝ հույս ունենալով, որ այդ խնդիրներին նրանք ականջալուր կլինեն: Եթե կարդաք ՀՀ ԱԳ նախարարի ելույթը, կտեսնենք, թե ինչպիսի այսպիսի հանրավորության կորուստ է տեղի ունեցել: Չեմ ուզում ավելի կոպիտ, կոշտ բաներ ասել, ուղղակի այդ ելույթով կարծես խաղաղություն մուրաս: Նա խոսել է մուրալու կոնտեքստում, որ ամեն ինչ լավ է, խնդիր չկա, հեսա հարցը կլուծենք, օգնեք մեզ, որ հասնենք այդ խաղաղությանը:

Մի բառ անգամ այնտեղ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, մի բառ չկա, որ Ադրբեջանը մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ ոչնչացնում է մեր մշակութային հուշարձանները, քանդում է, զրոյի է հավասարեցնում Ստեփանակերտի թաղամասերն ամբողջությամբ: Մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է Հայաստանի տարածք, և խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մի խոսք չկա, որ մեր գերիները դեռ անօրինաբար պահվում են Բաքվում, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են և ամենագլխավորը, որ ԼՂ-ի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր անօրինաբար պատանդ են վերցրել և պահում են Բաքվի բանտերում:

Այնտեղ կան նախարարներ, որ տեղյակ էլ չեն, չգիտեն, և դու փաստորեն ասում ես՝ ամեն ինչ լավ է, նորմալ է, խնդիր չկա: Եվ այդ բոլորը տեղի է ունենում այն ֆոնին, որ Ադրբեջանի նախագահը հենց այդ օրերին անձամբ դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի պատվիրակություն ուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի ինչ-որ պատմամշակութային արժեքների ոչնչացման հետ կապված խնդիր բարձրացնելու համար»,-ասաց Օսկանյանը՝ շարունակելով․ «Էլի խոսենք խաղաղության խաչմերուկից, բայց դնենք նաև մեր խնդիրները, ինչի՞ց եք վախենում․․․Հայաստանը պետք է հասկանա, որ խնդիր դնելով, դու չես հրահրում հակադրանք, թշնամանք, ընդհակառակը, ցույց ես տալիս քո իսկական ցանկությունը կայուն խաղաղության հասնելու համար։

Եթե դուք ձեր աթոռների համար վաճառել եք ձեր արժանապատվությունը, լավ իմացեք, որ մենք, հայ ժողովուրդը չի վաճառել իր արժանապատվությունը, ԼՂ հարցը լուծված չէ: Մինչև այս հարցերին, խնդիրներին լուծում չտրվի, դժվար է կայուն խաղաղության հասնելը: Եվ իմացեք նաև, որ այն խաղաղության պայմանագիրը, որ դուք ստորագրելու եք Ադրբեջանի հետ, դա ձեր իշխանության և Ադրբեջանի միջև պայմանագիր է լինելու։ Առանց այդ հարցերին անդրադառնալու, դա չի կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինել»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին