ԱԺ-ում հայտարարություների ժամին Թևան Պողոսյանի հայտարությունը.
Հարգելի՛ գործընկերներ,
Սեպտեմբերի 3-ից սկսած մենք բազմիցս լսել ենք, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են քաղաքական մասով շարունակել իրականացնել իրենց պայմանավորվածությունները Եվրոպական ինտեգրման ճանապարհին, իսկ եվրոպական տարբեր մակարդակի պաշտոնյաներ արձագանքում էին, որ Ասոցացման պայմանագիրը չի կարող գործնական լինել՝ առանց տնտեսական բաղադրիչի: Բայց նաև ասվում էր, որ Եվրոպան միշտ պատրաստ է վերադառնալ արդեն բանակցած պայմանագրին:
Այն ամենը, ինչ կատարվում է Ուկրաինայում, այս օրերին շատ բան է փոխում: Փոխվում է ինչպես մեր ընկալումներում, այնպես էլ եվրոպական որոշում կայացնողների մոտ: Մեր մոտ փոխվեց այն սկզբնական անտարբեր վերաբերմունքը սեպտեմբերի 3-ի որոշման հանդեպ: Հետևելով սոցալական ցանցերի, ինչպես նաև շատ այլ հարթակների քննարկումերի, այլևս շատ մարդիկ, ովքեր կողմնակից էին ՀՀ-ի Մաքսային Միության միանալուն, հիմա շատ հարցեր ունեն, իսկ շատերն էլ համարում են, որ շտապել պետք չի: Եվրոպացիների մոտ էլ փոխվել է այն, որ փաստորեն Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը հնարավոր է առանձին դիտել տնտեսական բաղադրիչից` ինչն էլ հենց փաստորեն առաջարկվել է ասօրվա ուկրաինական իշխանություներին:
Այստեղ հարց է առաջանում. իսկ Հայաստանի իշխանություներն արդյո՞ք պատրաստ են օգտվել այս փոփոխված իրավիճակից և առաջարկ անել Եվրոպային՝ հիշեցնելով իրենց կողմից միշտ հնչեցող պատրաստակամությունը և ասել, որ եկեք ստորագրենք Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը: Չէ՞ որ այն, ինչ հիմա դուք առաջարկում եք Ուկրաինային, առաջինը դրա մասին Հայաստանն է խոսել, պատրաստակամություն հայտնել ու դուք դե ֆակտո մերժել եք: Հասկանում եմ, որ շատերը հիմա մտովի կասեն՝ բա դրա ժամանակն է՞: Իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն այստեղ այն է, որ միշտ էլ ժամանակն է անել այն քայլերը, որոնք բխում են մեր ազգային շահերից:
Ես, իհարկե, համաձայն չլինելով՝ ըմբռնումով եմ մոտենում այն զուսպ գործելաոճին, որով այսօր առաջ են շարժվում մեր իշխանությունները Եվրոպական օրակարգի շուրջ բարձրաձայնելիս: Բայց կարծում եմ, որ այն երբեմն շատ զուսպ է, իսկ շատ ավելի հաճախ կարող է լրացվել ընդդիմության բարձր ձայնով եվրոպական հարթակներում: Իհարկե օրինակներ ունենք, ամենաթարմը Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքն էր Դուբլինի հավաքում, բայց այստեղ մենք երևի ավելի շատ անելիք ունենք:
Այս իմ հայտարարությամբ ես ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել այսօրվա մեր արտաքին քաղաքականության իրագործողներին՝ բաց չթողնել ստեղծված հնարավորությունը և իսկապես փորձել իրագործել Հայաստան-Եվրոպա քաղաքական համագործակցության մակարդակն ամրագրող՝ մոտ 4 տարի բանակցած պայմանագրի քաղաքական բաղադրիչի ստորագրումը, ինչը թույլ կտա հռչակված բազմավեկտոր քաղաքականությունն իրականություն դարձնել և համապատասխան ճկունությունը վերականգնել, ինչը նվազել է սեպտեմբերի 3-ից հետո: