Բելգիայի հայտնի «Միզող տղայի» (Manneken Pis) արձանն օրերս զարդարվել է հայկական ազգային տարազով՝ ի նշանավորում Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակի:
Միզող տղան Բրյուսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, որը գտնվում է անմիջապես Գրան-պլասի մոտակայքում:
Դա մերկ մանչուկի տեսքով փոքր արձան-շատրվան է, որը միզում է լողավազանի մեջ։ Տարիների ընթացքում արձանի շուրջ ձևավորվել են մի քանի հետաքրքիր ավանդույթներ, օրինակ տոնական օրերին ջրի շիթը փոխարինել գինով կամ գարեջրով։ Ժամանակ առ ժամանակ արձանին կոստյում են հագցնում։
«Զգեստապահարանը» կազմված է մի քանի հարյուր տարբեր հագուստներից։ Կոստյումները փոխվում են ըստ ցուցակի, որը կազմվում է ոչ առևտրային կազմակերպության «Միզող տղայի բարեկամներ » (անգլ. The Friends of Manneken-Pis) կողմից:
Վերջին տարիներին ավանդույթ է ձևավորվել «Միզող տղային» նաև ազգային տարազներ հագցնել՝ կապված երկրների ազգային կամ պետական տոների հետ: