▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել

Թարմացված․ 2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ հիշյալ տղամարդու կնոջ քույրն է՝ ծնված 1987թ., «գլխի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:51-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ հատակին, հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դին՝ գլխի աջակողմյան շրջանում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ, կրակված պարկուճներ, գնդակ։ Սեղանին հայտնաբերվել է թղթապանակ, որում առկա է եղել 32-ամյա տղամարդու անվամբ թողնված ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ:
Բացի այդ. վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. ապրիլի 3-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը մտել է խանութ սրահ և, մոտենալով սպասարկման համար նախատեսված սեղանին, որի մյուս կողմում գտնվել են խանութ սրահի մենեջերը և հիշյալ աշխատակցուհին, լիցքավորել է իր մոտ առկա «Մակարով» տեսակի ատրճանակը և այն ուղղել դեպի կնոջ քույրը։ Ապա, ընտանեկան խնդիրների որոշ հանգամանքների մասին խոսելով, դիմահար կրակել է վերջինիս գլխին, որից անմիջապես հետո ատրճանակն ուղղել է իր գլխի աջ հատվածին և կրակելու եղանակով ինքնասպան եղել:
Նախաքննությունը շարունակվում է:

***

Թարմացված․ Ապրիլի 3-ի ժամը 11.55-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն պարեկային կարգախմբից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի բջջային հեռախոսների խանութում կատարվել է սպանություն:
Ժամը 12.51-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 36-ամյա կնոջ, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվել է, որ ժամը 11.30-ի սահմաններում 32-ամյա տղամարդը բջջային հեռախոսների խանութում, ընտանեկան հարցերի պատճառով, «Մակարով» տիպի ատրճանակից սպանելու դիտավորությամբ կրակել է կնոջ քրոջ՝ խանութի 36-ամյա աշխատակցուհու գլխին, ինչից հետո ինքնասպանություն է գործել՝ նույն ատրճանակից կրակելով իր գլխին:
Դեպքի վայրում 32-ամյա տղամարդը երկտող է թողել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

***

Այսօր՝ ապրիլի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել, կան տուժածներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրը, որը «Mobile Centre» բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութն է, պարեկները սահմանազատել են: Ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ: «Դիլիջան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Մահացած աղջիկն աշխատում էր նշված «Mobile Centre»-ում, և նա երբ ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին