Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի հանրակրթական դրպորցի ուսուցիչ Աշոտ Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջոնղների ընտանիքներին պետք է մորթել։
«Վարչապետի հրաժարականը պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց ընտանիքը առնել ու մորթել․․․»,-գրել է ուսուցիչը։

Դրանից հետո համացանցում և հատկապես Աշոտ Հոխիկյանի ֆեյսբուքյան էջում քննադատական գրառումներ էին հայտնվել՝ կոշտ ձևակերպումներով։
Ուսուցչի գրառումից վրդովված մարդիկ պահանջում էին պատասխանատվության կանչել նրան՝ հիշեցնելով, որ ապրիլի 15-ին, ՀՀ ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ կողմ` 97, դեմ` 14, ձեռնպահ` 0 ձայներով ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ այսպես ասած ատելության կոչերի համար։
Օգտատերերը նշում էին, որ հիմա իշխանությունները լավ շանս ունեն ապացուցելու, որ իրենց կողմից ընդունված օրենքը գործում է առաջին հերթին իրենց աջակիցների համար։ Նաև նշվում էր, որ անելիք ունի նաև ԿԳՄՍ-ն՝ նախարարությունը երեխաների դաստիրակման գործից հեռու պետք է պահի Աշոտ Հոխիկյանին։
Նշենք, որ գրառման մեկնաբանություններում Հոխիկյանը պնդում է, որ հումոր չի անում, այլ ասում է «ճշմարտությունը»։
Աշոտ Հոխիկյանն իր աղմկահարույց գրառումը ավելի ուշ ջնջել է։

Հատկանշական է, որ ավելի ուշ Աշոտ Հոխիկյանը պարզաբանել է իր արարքն ու նոր գրառում է կատարել,սակայն այն ևս մի քանի րոպե անց ջնջել է։


