▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոտ 10 պարեկներ դաժանաբար ծեծել են եղբորս»․ արցախցի փաստաբան

Թարմացված․Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտ մեկ տասնյակ ոստիկաններ այսօր դաժան ծեծի են ենթարկել արցախցի փաստաբան Ռոնան Երիցյանի եղբորը։ Նշենք որ փաստաբան Ռոման Երիցյանը հասցրել է ճանաչված լինել Հայաստանում, պաշտպանում էր Արցախի ղեկավարության, պարբերաբար ձերբակալվող կամ կալանավորվող տարբեր քաղաքապետերի շահերը։ Հասկանալի է, որ թիրախը պատահական չի ընտրված, զգուշացնում են։ Միլիցիայի հինավուրց մեթոդներն են։ Ծեծը զուգորդվել է արցախցիներին ուղղված հայհոյանքներով, ոչ թե կոնկրետ անձին։ Պարբերաբար ստացվում են տեղեկություններ պարեկների կողմից արցախցիների մեքենաները կանգնեցնելու, վարորդներին նսեմացնելու մասին։ Որ արցախցիների նկատմամբ թիրախավորում կա, դա ակնհայտ է։ Բացահայտ սանձարձակ պահվածք ոստիկանների կողմից, վստահ են, որ չեն պատժվելու։ Իշխանությունների ստեղծած մթնոլորտն է, որը կանգնեցնելու մտադրություն չունեն»։

Թարմացված․Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում րոպեներ առաջ հայտնեց, որ կարողացել են տեսակցել ձերբակալված Արամ Երիցյանին․ «2 ժամից ավելի ստեղ կանգնեցնելուց հետո վերջապես թողեցին, որ փաստաբանները բարձրանան վերև։ Այստեղ գալ, հավաքելու կարիք այլևս չկա։ Ոնց հասկացա՝ ձերբակալման որոշում են կայացնում։ Իմ բոլոր հաշվարկներով՝ ձերբակալման որոշման ժամկետն ուշացրել են։ Տեսնենք, ամեն ինչի մասին կխոսենք»,- ասել է նա։

***

***

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք»։

***

Փաստաբան Էրիկ Բելգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունը Արամ Երիցյանի նկատմամբ, որը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն Արամ Երիցյանի հասցեին, այլ նաև բոլոր արցախցինների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան արցախցինների հանդեպ ուղղորդված անհարգալից վերաբերմունք, ինչու չէ նաև թշնամական վերաբերմունք։ Այսպիսի դեպքերը խորը հիասթափություն և վրդովմունք են առաջացնում հասարակության շրջանում և հստակ ցույց են տալիս, որ համակարգի ներսում առկա են լուրջ խնդիրներ և թերություններ։ Եթե իմ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ պետք է ձերբակալվեն բոլոր այն ոստիկանները, որոնք անմիջապես մասնակից էին այդ ծեծկրտուքին՝ հստակ ցուցադրելով, որ պետությունն արժեվորում է մարդու իրավունքները և իր քաղաքացիների անվտանգությունը։ Առանց այդպիսի գործողությունների հասարակությունը կարող է կորցնել վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, ինչը կարող է բերել ավելի մեծ խնդիրների ու անկարգությունների։
Նման դեպքերը չպետք է մնան անպատիժ, և պետությունը պետք է վճռականորեն պայքարի բոլոր այն երևույթների դեմ, որոնք խաթարում են հասարակական կարգը և վտանգում քաղաքացիների արժանապատվությունը։ Արդարության հաստատումը պահանջում է, որ մեղավորները կրեն իրենց գործողությունների պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինչ դիրք կամ պաշտոն են զբաղեցնում»։

***

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ոստիկանական բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական։ Շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին։

Ժամանակին, երբ ունեինք ՄԻՊ, նման բացահայտ խախտումներ չէին անում։ Առնվազն՝ հանրային հնչեղություն ունեցող գործերով՝ չէին անում»։

***

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին՝ հայտնելով, որ Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ և նրան ձերբակալել ու տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժին, առանձնազրույց է տեղի ունեցել Արամ Երիցյանի հետ:
Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են նաև նրա մոտ առկա մարմնական վնասվածքները:
Այցի ընթացքում արձանագրվել է, որ Արամ Երիցյանին օգնություն տրամադրելու նպատակով հրավիրվել է նաև շտապ բժշկական օգնության խումբ:
Այցի արդյունքներն ամփոփվել են, Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ: Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում դեպքի հանգամանքները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու հանգամանքը, որպիսի պահանջով կդիմի իրավասու պետական մարմիններին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին