Պատերազմից հետո անգամ՝ այս սուղ պայմաններում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունում սկսում են պարգեւավճարներ բաժանել, հատկապես այն հիմնարկները, որոնք քիչ թե շատ ֆինանսական միջոցներ ունեն, իրենց չեն զրկում բաղձալի «պրեմիաներից»։

Այս մասին գրում է Hraparak.am-ը: Կայքը տեղեկացել է, որ նոյեմբեր ամսին մի շարք հիմնարկներում, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարությունում, վերսկսել են պատերազմի պատճառով դադարեցված պարգեւավճարների բաժանումը։ Նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, փաստորեն, եկած-չեկած՝ իր առաջին սուրբ գործն է համարել «պրեմիա» բաժանելը։ Կայքը հարցում է ուղարկել էկոնոմիկայի նախարարություն՝ ճշտելու, թե նախարարության աշխատակիցներին նոյեմբեր ամսվա համար պարգեւավճար հատկացվե՞լ է, թե՞ ոչ, ովքե՞ր են ստացել, ի՞նչ չափով եւ ինչի՞ համար։
Հինգ օր անց միայն նախարարությունից մի կերպ պատասխանել են կայքի հարցմանը՝ հաստատելով, որ, այո, իրենց մոտ պարգեւավճար բաժանվել է։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության ամբողջ աշխատակազմին 2020 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվել է 49.175.367 (քառասունինը միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ) դրամ պարգեւատրում»,- պատասխանել են նախարարության աշխատակազմից։ Իսկ հարցին, թե ովքեր են ստացել եւ ինչ չափով, նախարարությունից չեն տրամադրել տեղեկություն՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետին եւ 199-րդ հոդվածին, ըստ որի՝ հարցի պատասխանը «պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որն առանց աշխատողի գրավոր համաձայնության չի կարող փոխանցվել երրորդ անձանց, եթե դա նախատեսված չէ օրենքով»։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


