ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրել է Ղարաբաղ: Աննա Հակոբյանն այս մասին հայտարարել է «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի ժամանակ: Նա, այսպիսով, արձագանքել է Ալիևայի՝ Ղարաբաղում մուղամ լսելու ցանկությանը:
«Նա կարող է լինել մեր հյուրը, մենք գիտենք՝ ինչպես պատվել հյուրին: Հյուրընկալության կանոններից է՝ հյուրին պատվել երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, ու Ղարաբաղում լսի իր սերելի մուղամը»,- ասել է Աննա Հակոբյանը։
Վարչապետի տիկինն ընդգծել է, որ եթե Ալիևան ընդունի իր հրավերը, ինքն էլ պատրաստ է Բաքու գնալ։ «Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ ու մուղամ լսեն պատերազմի միջոցով, ապա ես վստահեցնում եմ, որ այդ երազանքն անկատար կմնա: Եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- ասել է վարչապետի տիկինը։
Աննա Հակոբյանն ընդգծել է, որ այդ երազանքին հասնելու միակ ճանապարհը խաղաղությունն է։