Հարց: Հարցս ուղղված է Հայաստանի նախարարին: Պարոն նախարար, Ձեր դիրքորոշումը Խոջալուի օդանավակայանի բացման վերաբերյալ. չէ՞ որ դա անօրինական քայլ է Հայաստանի կողմից: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան: Առաջին, գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այդ հայտարարությունը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը:
Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և որևիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու այդ հարցը:
Ադրբեջանը իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում է այն, ուստի խախտում է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առաջ:
Երկրորդ, համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ղարաբաղը երբևիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ:
Ադրբեջանը սպառնացել և շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ` խախտելով համանախագահների առաջ այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:
Դուք գիտեք, որ համանախագահները նաև նշել էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:
Բազմիցս Հայաստանում, ի միջի այլոց Լեռնային Ղարաբաղում նույնպես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ:
Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան, և չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին։
Նալբանդյանն ադրբեջանական հեռուստաընկերությանը պատասխանել է ՝ Ստեփանակերտի օդակայանի մասին հարցին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet