Առավոտ.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությունը, որը կառավարության օգոստոսի 29-ի որոշմամբ, հիմնելու է ֆուտբոլային ակադեմիա, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Սադոյանի որդուն՝ Ալֆրեդ Սադոյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։
«Նեքստ Ջեն Սպորտսին» 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիան։ Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։ Ներդրումային ծրագրում նշված է, որ ընկերության գործունեության նպատակն ու խնդիրը Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Ընկերությունը նախատեսել է միջազգային չափանիշներին համապատասխան ֆուտբոլային ակադեմիա եւ ենթակառուցվածքներ, որոնք իրենց մեջ կներառեն ֆոտբոլային խաղադաշտեր, վերականգնողական զոնա,մարզասրահ, լողավազան եւ այլն:
Ալֆրեդ Սադոյանի անունը մամուլում հայտնվել է դեռ 2022 թվականին: hetq.am-ը հետաքրքրիր մանրամասներ էր բացահայտել Ալֆրեդ Սադոյանի գործունեությունից:
Ըստ այդ բացահայտումների՝ Ալֆրեդ Սադոյանը հորեղբոր՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Արա Սադոյանի հետ տարիներ առաջ ընկերություն են հիմնել օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ)՝ արտերկրում ներդրումներ կատարելու համար: 2011-ի մայիսին, երբ հիմնադրվել է Սադոյանների «Belair Worldwide S.A.» ընկերությունը, դրա սեփականատերերից Ալֆրեդ Սադոյանը դեռ 20 տարեկան էլ չի եղել եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր:
Նրա հայրը՝ ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանը, այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր (2007-2017 թթ.):
2017-ի հոկտեմբերից Ռուբեն Սադոյանը ՀՀ դեսպանն էր Վրաստանում: Պաշտոնյայի կրտսեր եղբայրը՝ Արա Սադոյանը, 2012-2018 թթ. Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր, իսկ 2008-2010 թթ. եղել է մաքսային տեսուչ: