Այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով համաճարակի անկման մասին, նշեց.

«Դեռ վաղ է խոսել անկման մասին. այո՛, մենք ավելի մեծ թվեր ենք ունեցել, բայց այսօր էլ 612 դեպք ենք ունեցել, որը ցածր թիվ չէ և մեր նման հզորություններ ունեցող երկրի համար մեր գործողությունները միգուցե էլ ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ»,- նկատեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն պետք է դարձնել ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվին.
«Երբ տեսնում ենք այդ մեծ թվերը, լարվածությունը մեծանում է... շատ դժվար կլիներ գնահատել իրավիճակը, եթե վերջին խստացումները չլինեին. մենք էլի 600 կունենայի՞նք, թե՞ արդեն 800: Նախնական գնահատականներով՝ 15 000 դեպքին մենք պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց հասել ենք ամսի 12-ին, ինչը շատ լավ է, բայց միևնույն է, մեծ թիվ է, և ադ թվին պետք է անդրադառնալ իջեցման տեսանկյունից»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ բոլոր աշխատանքները պետք է ուղղվեն ոչ թե հզորությունների բարձրացմանը, այլ՝ թվերի զսպմանը:


