Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ արդեն բացահայտ կերպով ՀՀ ներկայիս տգետ իշխանությունները նախապատրաստում են Հայաստանի լիարժեք զինաթափումն ու Թուրքիա-Ադրբեջան դաշինքի առջև հնազանդ կեցվածքը՝ բոլորիս համոզելով, որ դրա դիմաց Հայաստանի բնակիչները կստանան հավերժական խաղաղություն և նյութական բարեկեցություն, ապա ստիպված եմ այդ պարզագույն տգիտության վերաբերյալ մեջբերել Գարեգին Նժդեհի այս հայտնի տողերը.
«Մի աշխատասեր և նյութական ապագայի համար այնքան ձիրքերով օժտված ժողովուրդ, որ նյութական բարիքներ կուտել և ամբարել գիտե տարվա բոլոր եղանակների համար, որ ծիծաղելի կհամարե, եթե մեկը ամռանը միայն արևի գեղեցկությամբ հիանա և չմտածե ձմռան մասին, զարմանալիորեն իդեալիստ է դեպի խաղաղությունը, աղոթում է նրա արևին և բնավ չի հավատում, թե պատերազմի ձմեռ կա:
Սակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկության, որովհետև հակամարտության օրենքն է կառավարում աշխարհը: Այս ճշմարտությունը չի ուզում հասկանալ մեր ժողովուրդը։ Դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրև մուրացկան ծանրանում է օտարների վրայ:
Մենք կուզեինք, որ մեր ժողովուրդը ևս վերջապես ըմբռնէր, թե խաղաղությունը ոչ թե հավերժական չէ, այլ ժամանակավոր զինադադար միայն: Խաղաղությունը նույնիսկ նորմալ վիճակ չէ, խաղաղություն չկա մեր երկրագնդի վրա, չի կարող լինել և մարդկային պատմության մեջ: Պատերազմը ժողովուրդների կյանքում անխուսափելի պահ է»։
Չգիտեմ էլ, թե ինչպես ավելի պարզ բացատրել, որ մենք ներկայիս իշխանությունների հետ անխուսափելիորեն մոտենում ենք հաջորդ՝ ավելի մեծ պատերազմին, որը կլինի վերջինը մեր պատմության մեջ։
Հիշեցում՝ ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»: