Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հակառակորդի դեմ պայքարի և հետագա քայլերի ուղղությամբ:
Զրուցակիցները ողջունել են նման ձևաչափով մտքերի փոխանակությունը: Նշվել է, որ կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ:
Սա պաշտոնական տեղեկատվությունն էր, իսկ մինչ այդ նշել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է:

Հանդիպմանը մասնակցում են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:


