▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի խոստացած գրառում-արժանահավատ փաստը Հրայր Թովմասյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ:

Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:

Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:

Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է:

Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:

Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:

Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:

Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:

Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը:

Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետեւ հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:

Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաեւ, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):

Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:

Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին