▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև հաճախակի հանդիպումները, տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում են հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման մասին: Ընդգծելով, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից և նշել, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը կնպաստի դրա հետագա ընդլայնմանը:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն ակտիվ և արդյունավետ զարգանում է: Սերգեյ Շոյգուն գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությունից և դրա հետագա զարգացման համատեքստում կարևորել այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագրի ստորագրումը:

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հետագա խորացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ իրականացվող մարդասիրական հայկական առաքելության շուրջ:

ՀՀ վարչապետը և ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են նաև 1945թ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ համատեղ անելիքներին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է տիկին Դի Կարլոյի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Վարչապետը կարևորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի բարեփոխումների անցկացումը, որոնք կերաշխավորեն ընտրությունների արդար և թափանցիկ իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է հետևողականորեն առաջ մղելու բարեփոխումները՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներն ու ընդգծել ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու ՀՀ կառավարության հետ: Ռոզմարի Դի Կարլոն շնորհավորել է վարչապետին Հայաստանի՝ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հայ գործընկերներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ծրագրին վերաբերող տարբեր հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ռոզմարի Դի Կարլոն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և կարևորել բարենպաստ մթնոլորտի ձևավորումն ու փոխվստահության հիման վրա բանակցությունների առաջ մղումը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող այլ հարցերի շուրջ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին