▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման վերաբերմունք,ինչպիսին ցույց է տալիս Ադրբեջանը գերիների նկատմամբ,երբևէ չի եղել․Արման Նավասարդյան

«Այսօր մեր գերիների թիվը թաքցնելն ու չհրապարակելը պարզապես շատ լարված իրավիճակ է ստեղծում», - ասում է ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Մեդիա կենտրոնում»։ Նրա խոսքով՝ երբ պատերազմը սկսվեց, պարզ էր, որ գերիներ կլինեին։ Կանխատեսել էր պետք այդ ամենը և նախօրոք միջոցներ ձեռնարկել՝ նման իրավիճակներում հարցն արագ կարգավորելու համար։ «Հայտնի՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ էլ այդ մասին ոչինչ չի ասվում։ Վերջին եռակողմ հանդիպման ընթացքում էլ ոչինչ չարվեց այդ ուղղությամբ։ Նրանք մեր ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին անվանում են ահաբեկիչներ, և սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք լուրջ խնդիր ունենք։ Դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում են մեր քաղաքացիները, որ գտնվում են ադրբեջանական բանտերում», - ասաց նա։ Հարցի լուծման համար Արման Նավասարդյանը երկու հիմնական տարբերակ է տեսնում՝ առաջինը՝ միջազգային իրավունքի կառույցների միջամտությունն ու համագործակցությունը մեր իշխանությունների հետ։ Եվ երկրորդը՝ միջազգային հանրությանը լայնորեն տեղեկացնելը իրավիճակի մասին՝ օգտվելով սփյուռքի ունեցած հնարավորություններից տարբեր երկրներում։

«Այն կամայական դիրքորոշումը, որ ունի այսօր Ադրբեջանը, շատ դժվար է համեմատել որևէ այլ պատերազմի հետ, նման վերաբերմունք գերիների նկատմամբ երբևէ չի եղել, մենք գործ ունենք մի պետության հետ, որի հետ ընդհանուր հայտարարի գալը բացառվում է», - ասաց նա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ պատերազմի ընթացքում արձանագրում էին, որ հայկական կողմի դեմ կռվում էին ահաբեկիչներ, սակայն այդ ուղղությամբ մինչև օրս ոչ մի գործողություններ չեն իրականացվել՝ բացի բանավոր հայտարարություններից։ «Պատերազմի ընթացքում հայկական կողմի դեմ օգտագործվում էին արգելված զենքեր, այդ բոլորը հիմա մղվել է երկրորդական պլան, և այն, ինչ կատարվել և կատարվում է մարդու իրավունքների խախտման սահմաններում, նույնպես անտեսվել է։ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ լինի և նրանց պետությունների վարած քաղաքականությունն ավելի ներգործուն՝ և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո առաջացած խնդիրները լուծելու համար», - ասաց նա։ Հայաստանը պետք է ամբողջովին փոխի իր քաղաքական ուղղվածությունն ու գործունեության վեկտորները, ասաց Արման Նավասարդյանը։ «Պետք է սկսել բանակցային մի նոր գործընթաց, որ ես կարծում եմ՝ այսօրվա մեր քաղաքական թիմն ի զորու չէ իրականացնելու։ Այն փաստաթղթից, որ մենք ստորագրեցինք և որը համառ կերպով առաջ է մղվում, պետք է հրաժարվենք կամ վերանայենք այն կետ առ կետ, պայքարենք ամեն բառի և ստորակետի համար։ Պայմանագրում գերիների մասին խոսք չկա, խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Եվ այս հարցերը ամենակարևորներն են», - ասաց նա։ Բարեկամության և հարևանության հեռանկար Ադրբեջանի և Թուրքիայի հետ Արման Նավասարդյանն այսօր չի տեսնում «Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մեր փրկությունը լինի մեր ուժի մեջ։ Եվ դա հնարավոր է։ Պատմության մեջ նմանատիպ դեպքերը շատ են եղել և մենք էլ պիտի կարողանանք։ Մենք պիտի հզորանանք, որ մեզնից վախենան, ինչպես այսօր շատ երկրներ վախենում են Իսրայելից, որ տարիներ առաջ շատ թույլ պետություն է եղել», - ասաց նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին