▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նո՞ր անակնկալներ Արամեից

Արամեն պատրաստվում է «Մամա» երգի հիման վրա իր նոր տեսահոլովակի նկարահանմանը, որը համանուն հեռուստասերիալի սաունդթրեքն է:  Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը` Արթուր Սաֆարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:

Ռեժիսորը esyes.am-ի հետ զրույցում ասել է, որ տեսահոլովակը, որպես այդպիսին, սյուժետային գիծ չունի. «Սակայն այնպես էլ չէ, որ սյուժե չկա: Տեսահոլովակում տարբեր տարիքային խմբի մայրեր են լինելու, որպեսզի յուրաքանչյուր ոք ինչ-որ չափով կարողանա իր մորը տեսնել այստեղ: Սյուժետային գիծ չկա այնքանով, որ նույն մոր կյանքը չի ներկայացվում. սա մի պատմություն չէ: Վերցված են կյանքի այնպիսի իրավիճակներ, որոնք  կարող են էմոցիա առաջացնել. մենք հաճախ չենք նկատում մոր ռեակցիաները` ժպիտ, ուրախություն, թախիծ: Այս դեպքում շեշտը միմիկաների վրա է դրված»:

Սյոմա Կոդաբաշյանը նշել է  նաև, որ սերիալի սաունդթրեքի համար առաջին անգամ է տեսահոլովակ նկարահանում և այն կապ չի ունենալու հեռուստասերիալի հետ: Ֆիլմի հետ կապ չունեցող տեսահոլովակ նկարահանելը որպես ռեժիսոր իր ցանկությունը չի եղել. «Դա «Արմենիայի» և Արամեի ընդհանուր որոշումն է եղել: Տեսահոլովակը նկարահանելու առաջարկն ինձ եղել է «Արմենիա» հեռուստաընկերությունից և առաջարկի մեջ եղել է նկարահանել այնպիսի տեսահոլովակ, որը կապ չի ունենա ֆիլմի հետ: Կարծում եմ` սերիալի տեսահոլովակ նկարահանելիս որոշակի սահմանափակումներ դրվում են, սակայն «Մամայի» տեսահոլովակը ոչ մի կապ չի ունենալու ֆիլմի հետ: Առանձին տեսահոլովակ է լինելու, կերպարները չեն հիշեցնելու ֆիլմը», որ դերասաններն էլ ֆիլմի հերոսները չեն լինելու: Դերասանների ընտրության համար քասթինգ է անցկացվել և նոր դեմքեր են ընտրվել, որով զբաղվել է տեսահոլովակի երկրորդ ռեժիսորը` Ինգրիդը (հաղոդավարուհի Աննա Կոկչյանը, ով այժմ ներկայանում է որպես Ինգրիդ Կոկչյան):

Սյոման չի ցանկացել բացել տեսահոլովակի ամբողջական սյուժեն, որպեսզի պահի հետաքրքրությունը: Տեսահոլովակի նկարահանումները նշանակված են հունիսի 2–ին: Նախատեսվում է տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել հունիսի 10-12-ին:

Արամեի մենեջեր Արտյոմ Հակոբյանն էլ տեղեկացրել է, որ առաջիկայում Արամեն կներկայացնի նաև «Արմենիա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը պատրաստ կլինի մինչև հունիսի վերջ: Այս երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակը` Դավիթ Օհանը:

Հունիսի 7-ին լույս է տեսնելու երգերի հավաքածու, որում ներկայացված կլինեն Արամեի «Մամա» և «Արմենիա» երգերը: Վերջինի պրեմիերան հենց այդ ժամանակ էլ կկայանա, քանի որ երգը միայն դրանից հետո կհայտնվի համացանցում:

Աշնանը երգիչը ևս մեկ նոր երգ և տեսահոլովակ կներկայացնի, բացի այդ, Արամեն հանդիսատեսի դատին կհանձնի իր հայալեզու նոր ձայնասկավառակը, որից հետո կներկայացվի նաև երգչի ռուսալեզու ձայնասկավառակը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին