Հարավային Կովկասում նոր պատերազմի վտանգ այսօր էլ կա Թուրքիայի և Ադրբեջանի սադրիչ գործողությունների պատճառով: РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա բնորոշմամբ` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո էլ տարածաշրջանում դեռ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հղի են պատերազմի սպառնալիքով: Սիմոնյանը հիշեցրել է, որ գրեթե ամեն ամիս Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում, հաճախ ՝ հայկական տարածքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
«Ցավով պետք է նշեմ, որ Թուրքիան շատ ակտիվ է Կովկասում, ինչպես նաև հետխորհրդային տարածքում: Սա խնդիր է, որը մենք պետք է շատ խորը քննարկենք և հասկանանք, թե ինչով է դա հղի: Թուրքիան և Ադրբեջանը հրահրում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին: Նրանք հրահրում են բոլորին: Եվ սա արդեն ամիսներ է շարունակվում», - ասել է Սիմոնյանը: Այս համատեքստում ԱԺ նախագահն արձանագրել է Հայաստանի և Իրանի սահմանների մոտ թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև՝ Բաքվի և Անկարայի հետ Թեհրանի հարաբերություններում օրեցօր աճող լարվածությունը: Առկա իրավիճակը, Սիմոնյանի դիտարկմամբ, տարածաշրջանի բոլոր երկրների համար լի է աղետալի հետևանքներով: Այդուհանդերձ նա հույս է հայտնել, որ դիվանագետներին կհաջողվի կանխել այդ էսկալացիան:
Խոսելով Անկարայի և Բաքվի մասին՝ Սիմոնյանը նշել է, որ նրանք փորձում են առավելագույն օգուտ կորզել ներկա հետպատերազմական իրավիճակից, ստանալ «պանթուրքիստական գոտի» (նկատի ունի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» - խմբ.): РБК-ի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարողացել է վերականգնվել պատերազմից հետո, Ազգային ժողովի նախագահը պատասխանել է, որ չափազանց դժվար է վերականգնվել, երբ պատերազմից հետո դեռ գերիներ կան, երբ ծնողները շարունակում են սպասել իրենց որդիներին, հարազատները՝ իրենց եղբայրներին, ամուսիններին, և հատկապես, երբ քո սահմաններին ամեն օր զորաշարժեր են կատարվում: