Այսօր՝ «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի» ժամանակ, համաժողովի մասնակիցներից մի կին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ երեկ ո՞ր տարածքների մասին է խոսել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախի համար: Մինչ փոխնախարարը կպատասխաներ հարցին, հարց հնչեցնողը տիկինը հայտարարեց,որ մի թիզ հող անգամ հետ տալու մտադրություն չունեն:
Ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ իր համար այդ իրարանցումն անհասկանալի է. «Նախարարը ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է: Այսինքն՝ 3 համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված են միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Բայց ներկայացնելով այդ տարրերը՝ երկու դեպքում, այն էլ մինչև այդ հիշատակելով ապրիլյան պատերազմը, երկու բան է նշել. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ կա, որ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ որևէ մի զենքի համար անվտանգ և հուսալի լինի, որ որևէ մի զենքի համար հասանելի չլինի: Երկրորդ՝ եթե խոսքը վերաբերում է տարածքներին, ապա պետք է պարտադիր ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը: Այսինքն՝ ըստ էության այն ինչ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, եղածին դրվել է նոր երկու պահանջ, ընդամենը»:
Շավարշ Քոչարյանը ընդգծեց՝ ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս. «Խոսքն ընդամենը վերաբերում է նրան, որ այն փաթեթը, որը մեզ ներկայացրել էին միջնորդները, դրա երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Ինչո՞ւ է դա այդպիսի իրարանցում առաջացրել, չեմ հասկանում: Ավելին, միշտ հիշենք, որ խոսքը վերաբերում է փաթեթեին:
Հիշենք նաև այն հանգամանքը, որ այսօր մենք գտնվում ենք մի փուլում, երբ եղել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններ, և այդ համաձայնությունների էությունը հետևյալն է՝ ընդհանրապես բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջև: Այսինքն՝ եթե կրակում են, սադրում են, չկան հետաքննության մեխանիզմներ և այլն: Ավելին, ինչը նաև երեկ ասաց նախարարը՝ առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Սա է եղել ասվածը»:
Աղբյուր՝