Սևսիրտ մայրերի ՀԱՅՐԵՆԻՔ…
Լուսանկարում Քրիստինան է, 20-ամյա հերոս, «Մարտական խաչի» ասպետ, գնդացրորդ Դավիթ Իսրայելյանի մայրը։ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում հանգչող տղայի շիրմաքարի նկարից Դավիթի հայացքը օր ու գիշեր հսկում է Շուշիից Ստեփանակերտ իջնող ճանապարհը։

«Ոչինչ չտեսավ տղաս էս կյանքում, անգամ հավանած աղջկան չէր հասցրել մի կարգին սեր խոստովանել։ Ոչինչ չտեսավ, բայց գոնե մեր պարտվելն էլ չտեսավ։ Տղաս զոհվեց, երբ մենք դեռ հաղթում էինք, իր դիրքում՝ Մադաղիսի բարձունքը պահելիս, դիպուկահարի կրակոցից, ու երևի մտքովը չէր էլ անցել, որ թուրքը Շուշի կհասնի…»,-աչքը Շուշի մտնող շարասյունից չկտրելով ասում է Քրիստինան։
Հարցնում եմ Դավիթի կրտսեր երկու եղբայրների մասին, Քրիստինան խորը հոգոցով ասում է՝ ծանր են տանում… Շատ ծանր։ «Մի տարի է դառնում մեր տանը մածուն ոչ մեկս չենք ուտում… չենք կարողանում…
Դավիթս մածուն շատ էր սիրում…»:


