Այս տարի հայաստանյան ամանորյա որոշ ճոխ սեղաններին կարող է հայտնվել ոչ այլ ինչ, քան հարավաֆրիկյան կոկորդիլոս: Ազգային Ժողովի «օլիգարխոտ» պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետի այս «ցնցող» առաջարկը շատերը հումորով, մյուսները` զավեշտով, մի մասն էլ բացասաբար են ընդունել:
Լրագրող Կիմա Եղիազարյանն այս առիթով գրել է. «...Ուրեմն, այս տարի վերեւներում նստած գարշելի կոկորդիլոսները կոկորդիլոս են ուտելու, հա՞...Վատ չէ, այսպես որ գնա դրանց տեսակը կվերանա...»
«Մնում է լուծել արտագաղթի, աշխատավայրերի, կրթության և մի շարք խնդիրների հետ կապված հարցեր, որոնք առավել կարևոր են, քան կոկորդիլոսի ներմուծումը, որի պոչից կսկսեն և գլխից կավարտեն ընդամենը մի քանի կոկորդիլոսներ»,-իր հերթին արձագանքել է լրագրող Անի Կարապետյանը:
Նշենք, որ վաճառվող կոկորդիլոսի երկարությունը կազմում է 90 սմ, լայնությունը` 30 սմ: Մեկ ամբողջական կոկորդիլոսի արժեքն է 350 հազար դրամ: