Օնիկ Գասպարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը:
ArmLur.am-ի հետ զրույցում նա նշել է.
«Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում,ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն,սակայն կան հանգամանքներ,որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։
Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի եւ որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը։
Ի դեպ, հատուկ նրանց համար,ովքեր մեղադրում են ինձ սուտ խոսելու մեջ,ներկայացնում եմ հատված նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունից.
«……Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը…..»։
Այո ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք եւ ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը,միաժամանակ նշելով,որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Իսկ մյուս մասնակիցների հիմնական մասը կամ լռում էին կամ զգացմունքային հայտարարություններ անում՝խուսափելով պատասխանատվությունից(որ հիմա ասեն մենք կապ չունենք)։
Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց եւ միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց։
Եթե կարող էին թող չստորագրեին…..
Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ եւ էժանագույն քայլեր մի կատարեք։
Այլ հարց է, թե ինչու մենք հասանք այս վիճակին, եւ ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։
Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին.նախքան պատերազմը,պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական ժամանակահատվածում(այդ թվում Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը):
Համոզված եմ, որ կգա այն օրը երբ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»:
Նշենք, որ Այսօր Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի բնակավայրերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց մարզի անբնակ անկլավային գյուղերի մասին ու հերքեց պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Ասաց՝ հակառակը, կանխել է դա, չնայած հաստատեց, որ փաստաթուղթն ստորագրելիս 90-ականներին Հայաստանին անցած անկլավների հարցը շոշափվել է։