▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկանյան. «Ծառուկյանի չառաջադրվելու պատճառներից մեկը քաղաքացիական բախումից խուսափելն էր»

Նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու պատճառներից մեկը քաղաքացիական բախումից խուսափելն էր: Այս մասին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, ասել է ԲՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` բացառելով, թե Գագիկ Ծառուկյանի վրա իշխանության կողմից ճնշումներ են եղել:

Ավելի վաղ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը նույն կերպ էր պատճառաբանել նաև ԲՀԿ պատգմավոր, ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը:

«Երբ այդ որոշումը կայացվեց, ես իմ տեսակետը այդ օրերին հայտնել եմ և այսօր էլ նույն կարծիքին եմ. ես հարգում եմ պարոն Ծառուկյանի որոշումը, դա իր անձնական որոշումն է եղել: Իհարկե, ես այլ կերպ կցանկանայի, որ զարգացումները լինեին, բայց համենայնդեպս, պարոն Ծառուկյանը այդպես որոշեց, քաղխորհուրդը այդ եզրակացությանը հանգեց, և ես` որպես կուսակցության անդամ, իսկապես հարգում եմ, և մենք շարունակելու ենք մեր քաղաքական ներգրավվածությունը անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից: Ինչ որ Գուրգեն Արսենյանն ասել է, պատճառներից մեկն է, բայց ոչ միակ պատճառը: Եվ ես վստահեցնում եմ, որ ճիշտ պահին, երբ ավելի հարմար և բարենպաստ կլինեն պայմանները, մենք այդ բոլորի մասին ավելի մանրամասն կխոսենք»:

Չնայած ԲՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին և որևէ մեկին էլ չի սատարում, սակայն նախկին արտգործնախարարն ասաց, որ արդեն իսկ որոշել է, թե փետրվարի 18-ին թեկնածուներից ում օգտին է քվեարկելու: Օսկանյանը հրաժարվեց ասել, թե ում է նախապատվությունը տալու, անգամ խուսափեց ասել` գործող նախագահի՞ , թե՞ ընդդիմադիր թեկնածուի օգտին է քվեարկելու: Նկատենք, սակայն որ ԲՀԿ-ական քաղաքապետերը, այդ թվում` Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը հայտարարել են, որ սատարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Օսկանյանը նաև ասաց, թե նախագահական ընտրություններով ոչ մի բան չի ավարտվում, քաղաքական գործընթացները առջևում են, դեռևս հետաքրքրական զարգացումներ կլինեն, և ԲՀԿ-ն շարունակելու է ակտիվ ներգրավվածություն ունենալ քաղաքական գործընթացներում:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին