▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկեպարում Նիկոլին շատ սառն են ընդունել․․․Փաշինյանը վախեցրել է պատերազմով»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները։ Նախկինում Նիկոլ Փաշինյանին Ոսկեպարում ջերմ էին ընդունում, այս անգամ Փաշինյանին ընդունել են շատ սառը, նույնիսկ՝ անբարյացակամ։ Երբ Փաշինյանը դահլիճ է մտել, ներկաներից կեսը ոտքի չի կանգնել։ Հանդիպման մասնակիցները հայտնեցին, որ երբ Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է Հայաստանի Հանրապետության քարտեզի փոքր մակետը, ոսկեպարցիներից մեկը դժգոհել է՝ ասելով, որ այդ «ժեշտի կտորը». նորից է ցուցադրել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում նախկին ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այլապես Ադրբեջանը պատարազմ է սկսելու։ Նրան հարցրել են, թե այդ 4 գյուղերի տարածքները հանձնելուց հետ ի՞նչ երաշխիք կա, որ դրանից հետո Ադրբեջանը նորից առաջխաղացում չի ունենալու սահմանում, կամ պատերազմ չի սկսելու, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երաշխիքներ չկան, սակայն հույս կա, որ Ադրբեջանը այդպես չի վարվի։ Փաշինյանին ասել են, որ Հայաստանի 31 գյուղերի տարածքներ ներկայումս Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացվել են, ինչո՞ւ սահմանագծումն ու սահմանազատումը դրանցից չի սկսվում։ Նիկոլ Փաշինյանը այդ հարցին տրամաբանական պատասխան չի տվել։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է, որ այդ 4 գյուղերի պարագայում 3 տարբերակ կա՝ դրանք հանձնել, չհանձնել, Արբեջանի հետ պատերազմել վերջին դեպքում Թուրքիան պատերազմի մեջ կմտնի Ադրբեջանի կողմից։ Հանդիպման մասնակիցները կարծում են, որ Թուրքիայի անունը տալով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է ոսկեպարցիներին վախ ներշնչել, համոզել, որ 4 գյուղերը պետք է անպայման հանձնել: Ոսկեպարցիները մտահոգություն են հայտնել, որ 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստան-Վրաստան, Իջևան-Նոյեմբերյան երթևեկը խափանվելու է, վարչապետն ասել է, որ հարկ եղած դեպքում Ոսկեպարում ավտոմոբիլային թունել կփորվի, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան սարերով ձգվող ճանապարհը։
Ոսկեպարի բնակիչ Ռոբերտ Մելիքյանն ասել է, որ անցած շաբաթ ինքը Ոսկեպարում հանդիպել է ՊՆ Սուրեն Պապիկյանին, վերջինս իրեն ասել է, որ իրենք այդ 4 գյուղերի տարածքները չեն հանձնելու, քանի դեռ Ադրբեջանը պահում է Բերքաբեր գյուղից ավելի քան 700 հեկտար ևայլ հողեր։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել է, որ թող Սուրեն Պապիկյանն իր գործով զբաղվի»։

Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անակնկալ այց է կատարել Տավուշի մարզ: Ոսկեպար համայնքում տեղի է ունեցել հանդիպում մարզպետի, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի և մի քանի գյուղերի վարչական ղեկավարների ներկայությամբ:
Փաստենք, որ նշված հանդիպմանը ներկա չեն եղել զանգվածային լրատվության ներկայացուցիչները:
Այսինքն՝ Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել շինծու տպավորություններ և հերթական անգամ մոլորեցնել հանրությանը:
Հանդիպմանը մասնակից մարդկանց ձեռքից հավաքել են հեռախոսները և այլ իրեր: Այն անցել է թեժ մթնոլորտում:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել:
Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
Փաշինյանն պատասխանել է՝ չի կարող երաշխավորել, և կարող է ընդամենը հուսալ, որ չի լինի պատերազմ և կփորձի այնպես կանել, որ այդ ճանապարհներն անվտանգ կլինեն: Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի հետ նաև Թուրքիան է, և այլ ճար չկա՝ պետք է տանք:
Փաշինյանը կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն մեր տեղեկություններով՝ այցի նպատակը հենց գործողություններն արագացնելն է եղել:
Եվ չնայած որ Փաշինյանն իր հետ նաև մարդիկ է տարել՝ որոշակի մեղմ ֆոն ստեղծելու նպատակով, այդուհանդերձ, գյուղացիները բավականին սուր հարցեր են ուղղել՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, ադրբեջանցիները որտե՞ղ են կանգ առնելու: Փաշինյանը կրկին իրեն հատուկ մանիպուլացնող ոճով պատասխանել է, որ կաշխատեն այլընտրանքային ճանապարհներ կառուցել և այլն:
Փաստենք, որ սրանով հաստատվում են մեր բոլոր մտահոգությունները. օկուպացիոն ռեժիմի սույն պարագլուխն Ադրբեջանի հետ միասին դուրս է եկել հայ ժողովրդի դեմ և պատերազմի սպառնալիքներով, խաղաղության խոստումներով փուլ առ փուլ հասնելու է նրան, որ մի օր այդ «դեմարկացիան» տեղի ունենա Երևանում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին