«Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել, ընդ որում՝ բոլոր դեպքերում նրանք ապօրինի են բերման ենթարկվել»,- այս մասին այսօր Արամ Վարդանյանի տան բակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ այդ ամենը տեղի է ունեցել վարչապետի՝ բոլորին ասֆալտներին փռելու հայտարարությունից հետո:
Փաստաբանի խոսքով՝ բերման են ենթարկվել բոլոր այն անձինք, ովքեր երբևէ որևէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ՝ հարազատ, բարեկամ, ընկեր, հարևան:
«Այս ամենը գազանության հասավ երեկ գիշերը, երբ ժամը 2-ից հետո հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին այս բոլոր տների տարածքները և հարյուրին մոտ ոստիկաններ պատերի վրայով ներխուժում էին տարբեր տներ, նրանց մի ամսը եղել է դիմակավորված», - ասաց Լուսինե Սահակյանը: Նրա պնդմամբ՝ ոստիկաններից որևէ մեկը որևէ բացատրություն չի տվել, թե ինչ նպատակով են հայտնվել այդ տանը և ինչ են ուզում անել, ավելին՝ փաստաբան խոսքով՝ երբ արդեն իրենք ոստիկանների գործողությունների մասին հայտարարություն են տարածել, պարզել են, որ ոստիկանները ձերբակալման որոշում են ունեցել։
«Ոստիկանները երկար ժամանակ մեր ներկայությամբ կոտրում էին այս ամեն ինչը: Այս ամենը տեսանկարահանվել է, հետագայում արդեն այդ կադրերը կտարածենք, որպեսզի հանրությունը տեղեկանա՝ ինչ է իրականում կատարվում և ոստիկանությունն ինչ գործելաոճ ունի այսօր։ Ոստիկանները հատուկ նպատակով էին կոտրում ամեն ինչ։ Սեփականատիրոջ՝ Արամ Վարդանյանի որդուն առաջին իսկ պահից բռնություն գործադրելով բերման էին ենթարկել։ Բոլոր տղամարդկանց, որոնք տանն էին, բերման էին ենթարկել », - ընդգծեց Սահակյանը։
Դիտեք նաև՝