Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատանքին.
«2018թ. հեղափոխությունից հետո մեզ համար կարևոր հարց է եղել ՀՀ-ում ժողովրդավարական իրավակարգի հաստատումն ու այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ ծրագրել ենք 2018-ին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը: Ընդ որում, պետք է արձանագրեմ, որ պրոցեսը բավականին դժվար ընթացավ՝ ձեզ հայտնի պատճառներով... Եվ շատ բարդ պայմաններում՝ 2021թ. հուլիսին որոշեցինք մեկնարկել գործընթացը... Արդեն շուրջ 6 ամիս է՝ ՀՀ-ում գործում է պարեկային ոստիկանություն, որի շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել»:
Փաշինյանը նաև «աշխատանքային գաղտնիք բացահայտեց».
«Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ... Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, վճարվել է համապատասպան տուգանքը. սա հիշարժան փաստ է»:
Շարունակելով Պարեկային ոստիկանության աշխատանքի վերաբերյալ իր ելույթը՝ ՀՀ վարչապետը խոսեց նաև խրախուսանքների մասին.
«Երեկ ոստիկանության պետն ինձ պատմեց՝ անցնելիս տեսել է՝ ինչպես են պարեկային ոստիկանները, խցանումից խուսափելու համար, հրում փչացած մեքենան: Այդ ոստիկանները խրախուսվել են: Սրանք գուցե փոքր նրբություններ են, բայց կարևոր բաների մասին են խոսում»,- ասաց Փաշինյանը: