ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը:
«Այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով. նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ՝ թողնելով դաշտում զգալի թվով դիակներ: Ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս, մի քանի բարձունքների ուղղությամբ: Մեր ԶՈՒ-ն ունի որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվում են, և հստակ որևէ բան այս ուղղությամբ այս պահին նշել չեմ կարող»,- հայտնեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ․ «Առաջինը Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտական գործողություններով, հիմնականում՝ ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։ Հայկական կողմը չի ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա մանրամասներ ներկայացրեց նաև Շուշիի մերձակայքում ընթացող մարտական գործողություններից. «Նույն ժամանակ նախկինում բազմիցս նշված գյուղերի ուղղությամբ, չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են, որովհետև փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ մյուսում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում հայտնվում են, կորչում են, նահանջում են, նորից են փորձում, նորից են գալիս»:


