▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման պատճառով «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվեց

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը (երկու վարչական վարույթ)։

ՀՌՀ-ից հայտնում են, որ նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը Լսողական մեդիածառայություն մատուցող «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈւԹՅՈւՆ ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է առաջին վարչական վարույթի դեպքում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ երկրորդի դեպքում Օրենքի՝ 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջների խախտման հատկանիշներ:

Հանձնաժողովը Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները:

Ըստ կազմված արձանագրության՝ Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում:

Հարուցված երկրորդ վարչական վարույթի նյութերը ներկայացնելիս նշվեց, որ Հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:

Առաջին վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում՝ կիրառել Օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանաված տույժը՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

«Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարող, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը արձագանքել են ՀՌՀ-ի որոշմանը․

«Միայն վախկոտ քաղաքական գործիչն է ընկնում ԶԼՄ-ների հետևից։ Նրանց գործողությունը հաստատում է իմ հաղորդման մեջ բոլոր ասածներիս ճշմարտությունը»,- ասել է Քեոսայանը։

Սիմոնյանն էլ Telegram-ի ալիքում իր հերթին նշել է․ «500 հազար դրամի դրամա։ Էֆենդին կրկին նեղացել է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին