▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշքի արի, ինչպե՞ս ես քո բարի անունը զոհաբերում դրանց․ Հովհաննես Պողոսյանը՝ Խորեն Հովհաննիսյանին

«Հրապարակ»-ը ներկայացրել է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի և Երևանի «Արարատ» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի բաց նամակը Խորեն Հովհաննիսյանին

«Այսօր ես չեմ կարող քեզ դիմել «Հարգելի Խորեն Հովհաննիսյան» բառերով, քանզի դու քո կեցվածքով ու քայլերով քո անձի նկատմամբ հարգանքը հավասարեցրել ես զրոյի։ Հայկական ֆուտբոլն այլևս քայքայվում ու կործանվում է աչքի առաջ, դժգոհ են բոլորը՝ ֆուտբոլային ու մերձֆուտբոլային հանրությունը, մասնագետները, ֆան ակումբները։ Բոլորը նշում են հայկական ֆուտբոլի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, պահանջում են մելիքբեկյանանիկողոսյանական տանդեմի ու նրանց սատելիտների հեռացումը ֆուտբոլից, բայց արի ու տես ձայնը տրվում է հայկական ֆուտբոլի «լեգենդ» Խորիկին, ու դու Խորիկ, սկսում ես մատրոսովյան ոճով՝ կրծքով պաշտպանել թյուրիմացաբար ՀՖՖ նախագահի աթոռին տիրացած ոչնչությանը։ Խորիկ, ուշքի արի, ուրես գլորվում, ինչպես ես քո բարի համբավն ու անունը զոհաբերում դրանց, երբ քո անունը տարբեր լեզուներով հնչում էր աշխարհի շատ մեկնաբանների շուրթերից, այդ տանդեմը չգիտեր, թե ինչ է ֆուտբոլը, իսկ այսօր դարձել ես դրանց ձեռքի խաղալիքը, ի՞նչ է, քո անվան մարզադպրոցն այդքան կուրացրեց քեզ, թե դեռևս հիշում ես այն կուչ եկած ֆոտոն, որ սեղմել էիր մելիքբեկյանի ձեռքն ու թեկնածությունդ հանելու դիմաց խոստումներ էիր ստանում երկրի իշխանությունը զավթած խունտայից։

Ինչքան է վիճակներդ վատացել, որ նորից խաղարկում ես նախկին ներկա թատրոնը, երբ մոռանում և ուրանում ես քեզ վերակենդանացնողին, երբ մոռանում ես, թե ում շնորհիվ դարձար 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Քավ լիցի, չեմ ցանկանում որևէ մեկին արդարացնել կամ դատապարտել, չեմ ուզում մտնել նախկին ներկա թատրոնի մեջ (մատի ու մատանու արանքը), ուղղակի ցավալի է, որ դարձել ես խամաճիկ, խամաճիկների ձեռքին, մի մոռացի, որ դու Խորիկն էիր, մի մոռացի, որ անցած դարի 70-80 ականների բոլոր պատանիները երազում էին դառնալ Խորիկ, բոլորը ձգտում էին հագնել «8» համարի մարզաշապիկը, չեմ թաքցնում, ես էլ էի երազում Խորիկ դառնալ, երբ պատանի տարիքում հաճախում էի ֆուտբոլի մարզադպրոց, դու իմ ֆուտբոլային կուռքն էիր, բայց ավաղ, այսօր դու ցույց ես տալիս, թե ինչպիսին չպետք է լինի իր երկրի և ֆուտբոլի վիճակով մտահոգ քաղաքացին։ Առայժմ այսքանը, չեմ ուզում շատ ավելի դառը բաներ ասել»։

Հ.Գ Հովհաննես Պողոսյանն արձագանքել է Խորեն Հովհաննիսյանի` «Հրապարակին» տված հարցազրույցին, որը ներկայացնում ենք ստորև

«Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:  Այլ ակումբներ եւ ակումբերի ֆան-ակումբներ էլ են միացել հրաժարականի պահանջին: Անգամ «Շիրակ» ֆուտբոլային թիմի սեփականատեր Արման Սահակյանը, որը շատ մտերիմ է ՔՊ-ական իշխանության հետ, նախօրեին պահանջել է ՀՖՖ նախագահության հրաժարականը: Երեկ սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ֆեդերացիայի նախագահ Մելիքբեկյանը անգամ ֆեդերացիայի ենթակայության տակ գտնվող մարզադաշտերն է փակի տակ պահում, որպեսզի իր համար անընդունելի ֆուտբոլային թիմերը չխաղան: Բայց Մելիքբեկյանի հետ կոնֆլիկտի մեջ մտած ֆուտբոլային թիմերը մեկ-երկուսը չեն, այլ գրեթե բոլորը: Իսկ հայկական ֆուտբոլի անվերջ ձախողումները, պարտությունները հիմք են հանդիսացել, որպեսզի Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի հարցը մղվի առաջին պլան:

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցեց ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի հետ:

- Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Կարծում են, որ Մելքիբեկյանն է հայկական ֆուտբոլի իրար հաջորդող ձախողումների պատճառը: Ի՞նչ է կատարվում ըստ Ձեզ:

- Բայց պահանջելուց պետք է հիմնավորել, թե ինչու են պահանջում:

- Մելիքբեկյանը չի կարողանում շփվել ակումբների հետ, հայկական ֆուտբոլն օր օրի գահավիժում է: Սրանք բավարար պատճառներ չե՞ն:

- Ո՞նց չի զարգանում: Իսկ ո՞վ է որոշել:

- Հայկական կողմի պարտություններն են նման տեսակետ ստեղծել:

- Եթե ինչ-որ մի բան չի ստացվում, պետք է պատասխանատուները պատասխան տան դրա համար, բայց ֆեդերացիայի նախագահը ինչո՞ւ պետք է պատասխան տա, թողեք խաղերը լրիվ վերջանան, տեսնենք ինչ է լինում, նոր: Մարզիչ են բերել, նա ունի պարտականություններ: Ֆեդերացիան անում է բաներ, որոնք կապված են կազմակերպչական հարցերի հետ: Միանգամից ոչինչ չի լինում: Միանգամից բոլորով հարձակվում են, բայց պատճառները չեն ուզում գտնել որտեղից է:

- Որտե՞ղ եք այդ պատճառները տեսնում: Ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենի պատասխանատուներն այդ դեպքում:

- Ամեն տեղ էլ աշխատող մարդուն ինչ-որ մի բան չի հերիքում: Պետք է նստել, քննարկել, չի կարելի միանգամից այսպես քայլեր անել: Պետք է լուրջ մտածեն հավաքականները: Քսան տարի է, ոնց եղել է, այդպես մնում է, պետք է մտածել խնդիրը որտեղից է գալիս: Աշխատելու ցանկություն կա, անում, անում են, բայց վերջում ստացվում է, որ մի բան այն չէ: Լուրջ մտածել է պետք, մեկ ամիս է մնացել ֆուտբոլին, տեսնենք թե ինչ կլինի….

- Ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին մեղադրում էին հայկական ֆուտբոլի բոլոր ձախողումների մեջ: Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ Մելիքբեկյանին «սրբադասում» եք` «երեսը լվանում»:

- Ասեմ Ձեզ առաջվա նախագահը բոլոր հարցերը վերցրել էր իր վրա, բժշկի գործն իր վրա էր վերցրել, էլեկտրիկի գործն իր վրա էր վերցրել, ամեն ինչում ինքն էր: Ես այդ «կուխնյան» լավ գիտեմ: Նա ամեն ինչում որոշող էր: Եթե ամեն ինչ մի հոգի է որոշում, բա պետք է իրենից էլ պահանջեն, բայց այսօր այդպես չէ: Այս մարդը չի մասնակցում այդ ամենին, թողել է, որ ամեն մեկն իր գործով զբաղվի, դրա համար մեղավո՞ր է:

- Բայց եթե ոչ մի ֆուտբոլային թիմ նրան չի ընդունում, ինքն էլ ֆուտբոլային թիմերի հետ չի կարողանում լեզու գտնել, ապա ինչո՞ւ է կառչել այդ աթոռից:

- Բայց պիտի հիմք լինի, որ հեռանա: Մարզիչ էին բերում, բոլորը համաձայն էին, հիմա խնդիրը մարզիչի հետ է կապված: Դրա համար էլ հանեցին: Աթոռից կառչելը ոչ մի բնագավառում էլ ճիշտ չէ, բայց սխալներն այլ ձևով պետք է վերլուծել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին