Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցում էր հայ-չինական բարեկամության դպրոցի բացմանը:

Լրագրողները Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ինչ կապ ունի դպրոցի բացման հետ, և ինչու են ֆեյսբուքյան օգտատերերն ասում, թե պետք է նրան էլ երախտապարտ լինեք:

«Նախորդ իշխանությունների ժամանակ է սկսվել դպրոցի կառուցումը, բայց ես չգիտեմ, թե ինչի համար պետք է երախտապարտ լինենք: Ով ուզում է, թող գնա երախտապարտ լինի Վիգեն Սարգսյանին: Մի բան կա, նախկինում ես դա նկատել էի, ես շատ կուզենամ, որ մեր իշխանության օրոք դա չնկատվի: Սա մեր պարտականությունն է՝ խրախուսել նման հաստատությունների բացումը: Եվ եթե պաշտոնյաները փորձում են դա որպես սխրանք ներկայացնել, կարծում եմ՝ դա վատ պրակտիկա է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:


