▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Պադոշից դիմակը օր առաջ հանելա պետք»․ Սերգեյ Ջանջոյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ են սկսելու ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա մինչեւ քվեարկությունը չհայտնի ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու ժամկետի մասին։ 

«Շուրջ 1 շաբաթից` ապրիլի 3-ին, Բելգրադում տեղի է ունենալու ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրություններ, որին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցացիաները։

Այս պահին կա 11 թեկնածու` 7 տեղի համար, 4 տարի ժամկետով։ 11 թեկնածուների մեջ է մեր ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը։

Թեկնածուները պետք է լինեն երկրի ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, կամ գլխավոր քարտուղար։ Հետագայում երկրի ֆեդերացիայի նախագահ չընտրվելու կամ հրաժարականի դեպքում կարող են պահպանել իրենց տեղը գործկոմում, եթե հաջորդ նախագահը հետ չկանչի։

ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197 000 եվրո է, 200 եվրո օրապահիկով։

Թվում է, եթե կարողացել է թեկնածու դառնալ, ապա 11-ից հանգիստ կհայտնվի 7-ի մեջ, բայց դա միայն առաջին հայացքից, երբ ուսումնասիրում ես մնացած թեկնածուներին, որոնց մեջ են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, մրցավարներ, ֆուտբոլային գերտերությունների ղեկավարներ, որոնց մի մասը նայև գործող անդամներ են ու Արմեն Մելիքբեկյան, պարզ է դառնում, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու։

Ունենալ մարդ ՈՒԵՖԱ-ի գործկոմում իհարկե լավ է` կարող են բացվել որոշակի հնարավորություններ, դեպի Հայաստան նոր ծրագրեր, ֆինանսների ներգրավվում, բայց հավատալու չէ, որ էդ անելու է այս ստախոս, անթասիբ մարդը, որը միշտ պնդել է աթոռից կառչած չլինելու մասին ու իր տված խոստումների անգամ փոքր մասը չի կարողացել իրականացնել։ Այլ կերպ ասած Հայաստանում իր անելիքները «դորդուբեշ» չարած, մի հատ էլ եվրոպական ֆուտբոլն ա խելքի բերելու, մեր համար էլ մի բան քերի։ Մենք լոյալ ենք եղել այս հարցի շուրջ և չենք շահարկել այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում։

Հիմա, երբ բոլոր սահմանները այլևս անցած են, եթե այս մարդը առաջիկայում հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, մենք հնարավոր է գնանք ծայրահեղ քայլի` նախաձեռնենք պրոցես, նրա ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ, որովհետև կա մտավախություն և գալիս են ազդակներ, որ մեծ վերնագրեր են հայտնվելու, լոբբինգա գնալու հրամցնել, որ էդ շատ մեծ, կարևոր մի դեր ա, ուզած չուզած պետք ա մնա ՀՖՖ-ում, էդ երկրի համար պատիվա և այլն։

  1. Ուղարկել բոլոր ընտրող ասոցիացիաներին մանրամասն նկարագրություն ՀՖՖ-ում իր գործունեության, բոլոր ձախողված ծրագրերի մասին, իր ղեկավարած ՀՖՖ-ի ներկա վիճակի, ֆինանսական անբարեխիղճ վատնումների` կոլապսի, գործկոմի անատամության մասին։
  2. Եվրոպայում բնակվող շարժման անդամները, հավաքներ կնախաձեռնեն տվյալ երկրի ասոցիացիաների մոտ և հնարավոր հանդիպմանը տվյալ երկրի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ կփոխանցեն ստախոս, ձախողված գործչի մասին ամբողջական ինֆորմացիա։
  3. Ապրիլի 3-ին քվեարկությանն ընդառաջ և դրա ժամանակ Բելգրադում տեղի կունենա հակամելիքբեկյան ակցիա` շարժման արտերկրի անդամների կողմից։

ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելուն ու Մելիքբեկյանի ինչ որ կամուրջով կապը հաջորդ ՀՖՖ նախագահի հետ, բայց պադոշից դիմակը օր առաջ հանելա պետք»,- գրել է Սերգեյ Ջանջոյանը։

ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսում։  7 տեղին (4 տարվա պաշտոնավարում) հավակնում է 11 թեկնածու։

Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Երեկ՝ մարտի 26-ին, «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է իմ՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալուն խանգարելու իրենց մտադրությունների մասին: Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, քանզի մի բան է, երբ երկրպագուների մի խումբ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը, մեկ այլ բան է, երբ հայտ է ներկայացվում խոչընդոտել եվրոպական կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ ունենալու և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու փորձին: Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։ Բացի դա, Ջանջոյանը, խեղաթյուրելով իրականությունը, նաև հնչեցնում է անձնական բնույթի վիրավորանքներ և կեղծ ու անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով: Մեզ համար միանգամայն պարզ է, թե որտեղից է ուղղորդված այս հերթական «ինքնաբուխ» հայտարարությունը: Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են: Մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար: ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իմ և ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Նախընտրական արշավի ընթացքում ես ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաներին ներկայացրել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը, այն է՝ պահպանել և զարգացնել եվրոպական սպորտի մոդելը ֆուտբոլում և դա կարևոր եմ համարում հատկապես միջին և փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին