Թարմացված․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 63 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Ինչպես նախապես հայտարարվել էր, ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։ |
Դիտեք նաև՝
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, մեկնաբանելով այն դիրքորոշումը, թե հնարավոր է մնալով ԵԱՏՄ կազմում՝ շարժվել դեպի ԵՄ, պատկերավոր օրինակ բերեց․ «Ոնց որ ամուսինը կնոջն ասի՝ հարևանի կինն ավելի լավն ա, 450 մլն ունի, դու՝ ընդամենը 180 մլն, ես գնում եմ իր մոտ, բայց քանի դեռ ինքը չի ասել՝ արի, կլինի՞ քո հետ մնամ։ Դե պատկերացրեք՝ ինչ կլինի այդ կնոջ հետ։ Այն, ինչ քննարկվում է այստեղ, մի խայտառակ բլեֆ է։ Պարոն Զեյնալյանը, իր կուսակիցներն ու այդ ուղղության վրա գտնվող կուսակցականները մտածում են՝ ինչպես մասնակցել ընտրություններին և որոշել են տեղավորվել եվրոպամետ անձրևանոցի տակ։ Բայց սխալվեցիք, քանի որ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը ձեզ այդ յուղոտ պատառը չեն տա, նրանք դա խլեցին ձեր ձեռքից, ասեցին՝ սկսեք, մենք կտանենք։ Սակայն Փաշինյանը և ՔՊ-ն ձախողել են իրենց բոլոր խոստումները․․․ հազարավոր զոհեր, կորցրած հայրենիք․․․ Նոր ընտրություններին նոր կոնֆետ են առաջարկում՝ վրան գրված «Եվրոպա»»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ ՔՊ-ն և՛ Արևմուտքին է խաբում, և՛ Հյուսիսին։ Խոսելով նաև երկրում ստեղծված տնտեսական ճնգաժամի մասին՝ Արթուր Խաչատրյանը պարզ հարցադրում կատարեց․ «Փանո՛ս, դատարկ ջեբով ո՞ւր ես գնում»։ *** |
ԱԺ-ում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից թվարկեց վերջին շրջանում բացահայտված և հայտնի բազմաթիվ կոռուպցիոն դրվագներ՝ հարցադրում կատարելով․ «Կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարի այս տեմպերով գնում եք Եվրոմիությո՞ւն։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարաբնույթ կոռուպցիոն գործարքների մեջ են թաթախված, որոնց մասին մամուլը աղաղակում է, բայց ոչ ոք չի պատժվում, քանի որ ՔՊ-ի հետ կապ ունեն, կամ անդամ են։ Սիրելի ժոողովուրդ, ՔՊ-ն հերթական անգամ խաբում է ձեզ, Նիկոլ Փաշինյանի օրոք երբեք վիզաների ազատականացում չի լինելու, ՀՀ-ն երբեք չի դառնալու ԵՄ անդամ։ Այս արժեհամակարգը կրող, կեղծ ժողովրդավարություն քարոզող իշխանությանը ԵՄ ոչ մի երկիր չի սպասում։ ԵՄ-ում մեզ միայն ժպտալով ասում են՝ կտրոնը քաշեք և հերթ կանգնեք, ամենայն հավանականությամբ այս տեմպերով մեր հերթը չի էլ գա»։ |
***
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացին, ասաց, որ այն իշխող քաղաքական մեծամասնության կողմից իրենց մեղքը ժողովրդի վրա բարդելու հերթական քայլն է․ «Սա հերթական քայլն է, որ եթե վատ հետևանք ունենա, ասեն՝ ոչ թե մեծամասնությունն է մեղավոր, այլ ժողովուրդն է առաջարկել, սա ժողովրդի ջեբը քցելու հերթական գործողությունն է։ Սակայն դուք բազմիցս ցույց եք տվել, որ ժողովրդի ցանկությունը ձեզ համար ոչինչ է։ Ձեր պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու հերթական փորձն է։ Դեմքի լրջությամբ ուզում եք ժողովրդին համոզել, թե սա մեր անվտանգության համակարգն է։ Չկա նման բան, հերթական արկածախնդրային քայլն է՝ փորձելով ՀՀ-ն դնել մի նոր հարվածների առաջ։ Այս նախագծով չի քննարկվում Եվրոպայի հետ առևտրի ավելի լավ ռեժիմ ունենալու հարցը։ Այն կապ չունի նաև ՀՀ քաղաքացիների՝ Եվրոպական երկրներ ազատ մուտքի և ելքի հետ։ Դրա հնարավորությունը տրված է ՍԵՊԱ-ի համաձայնագրով, որն այս իշխանությունը չի կատարում։ Ձեր այս քայլով ժողովրդին տանում եք հերթական կառափնարան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ *** |
ԱԺ-ում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկն իր մեջ մի շարք խնդիրներ է պարունակում․ «Ուզում ենք համոզել ինքներս մեզ, որ այս գործընթացն օգտակար է լինելու։ Բայց, երբ հարց ենք տալիս, որ ՀՀ-ն տարբեր կառույցների մեջ է, որոնք իրար հետ համատեղելի չեն, ասում են՝ երբ որ լինենք ԵՄ անդամ, նոր այդ խնդիրը կբերենք օրակարգ»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ այդ խնդիրներից մեկը տարբեր կառույցների հետ աշխատանքի «և՛, և՛»-ի փոխարինումն է «կա՛մ, կա՛մ»-ով։ Նա նաև թվարկեց մի շարք երկրներ, որոնք տարիներ շարունակ փորձում են դառնալ ԵՄ անդամ։ «Մենք մի գործընթացի մեջ ենք մտնում, որը նպատակի առումով հեռանկար չունի, բայց բուն գործընթացը կարող է խնդիրներ առաջացնել»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ ըստ էության ժողովրդին կանգնեցնում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առջև։ Նրա խոսքով Հայաստանը պետք է մոտ լինի ԵՄ-ին այնքանով, որքանով դա չի սպառնա ՀՀ լինելիությանը։ |
***
Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ում շարունակվում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումը։ Ընդդիմադիր խմբակցությունների անդամները դեմ են արտահայտվում այս նախագծին՝ այն անիրատեսական որակելով։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց․ «Մեր կարծիքով այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված, ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակում է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների։ Այն չի արտահայտում ժողովրդի հավաքական կամքը։ Մենք Եվրոմիությանը կարող ենք մոտենալ այնքան, որքան որ այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ Այսպիսի կտրուկ քայլերը միանշանակ մարտահրավեր են բոլորիս համար։ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս օրինագծի քվեարկությանը»,- ասաց Օհանյանը։ |