Պանթեոն - Եռաբլուր – Ծիծեռնակաբերդ. 3 սրբավայր մէկ օրում
2021 թ. յունուարի 3 ին տեղի ունեցաւ, արդէն աւանդոյթ դարձած, Պանթեոն - Եռաբլուր - Ծիծեռնակաբերդ արշաւը։
Իբրեւ Տիր հայագիտական կենտրոնի ղեկավար, արդէն 4 րդ անգամ կազմակերպեցի այս ինքնատիպ միջոցառումը.
3 սրբավայր Երեւանում մէկ օրուայ ընթացքում, նոր տարուայ սկիզբ։
Նախաձեռնութեան հիմնական նպատակն է մեր մշակոյթի, ազգային-ազատագրական պայքարի բացառիկ էջերի, Հայկական հարցի, Ցեղասպանութեան հետեւանքների վերացման ճիշտ մատուցումը։
Ամեն տարի այս արշաւին մեզ միանում են ճանաչուած հանրային մարդիկ։ Այս անգամ մեզ հետ էին նաեւ Եւրոպական կուսակցութեան համանախագահ, ռեժիսոր Տիգրան Խզմալեանը, Միացեալ Հայաստան կուսակցութեան առաջնորդ, Արցախի Հանրապետութեան ԱԺ նախկին պատգամաւոր Վահան Բադասեանը, Ֆիդայիներ ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարեանը, Կրթութեան տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարա Յովհաննիսեանը Աշոտ Նաւասարդեանի դուստր,Երեւանի 196 թ. դպրոցի տնօրէն Անուշ Նաւասարդեանը։
Համեմատելով նախորդ տարիների հետ այս տարի տարբեր էր։ Եռաբլուրը մարդաշատ էր... բազմաթիւ նոր փորած փոսեր, անվերջ
ողբ, ցաւ եւ վիշտ։ Հազարաւոր Հայորդիներ պայքարեցին եւ զոհուեցին յանուն Հայրենիքի, իսկ մեզ փորձում են համոզել, որ Հայ մարտիկները փախել են կռուի դաշտից, որ մեր ազգը ուժ չունի թուրքին դիմադրելու, մեր արժանապատւութիւնը պաշտպանելու համար։ Դա անում են նոյն մարդիկ, ովքեր օր ու գիշեր քարոզում են ադրբեջանամէտ այն թեզը, որ Արցախը մերձկասպեան թուրքերի հողն է։ Իրականութիւնն այլ է, պարզապէս այցելեք զոհուած զինուորների եւ անյայտ կորածների ընտանիքներին ու մեր վիրաւորներին։ Մարդիկ պահել են իրենց դիրքերը կեանքի գնով։
Այսքան ցաւալի եւ բացասական իրականութեան մէջ կայ մի շատ դրական բան։ Ստեղծուել է յարմար պահ ազգային գաղափարների լայն տարածման համար եւ մենք պարտաւոր ենք դա օգտագործել։ Պէտք է համախբուենք ազգային մտածելակերպ ունեցող Հայերով եւ աշխատենք այս ուղղութեամբ։
Նախաձեռնության և հոդվածի հեղինակ ՝ Դավիթ Աղաջանյան
Պանթեոն,Եռաբլուր,Ծիծեռնակաբերդ-2021
Դիտեք նաև՝


