▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաուլո Կոելիոյի «11 րոպե» վեպի ու մարմնավաճառների մասին

Պաուլո Կոելիոյի «Տասնմեկ րոպե» վեպը Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին գեղեցիկ պատմություն է, որն սկսվում է հեքիաթի պես և հեքիաթի պես էլ ավարտվում է: Կոելիոյի վեպերին հատուկ է հեքիաթայնությունը, դրանք իրապատում հեքիաթներ են: Այս վեպը մի աղջկա մասին է, ում հոգին հուզողները չեն կարողանում արթնացնել մարմինը, իսկ մարմնին դիպչողները չեն կարողանում հասնել հոգուն: Տասնմեկ րոպեն սեռահարաբերության տևողությունն է: Բազում տղամարդկանց ու կանանց համար դա թմրանյութ է, որը թույլ է տալիս մոռանալ իրենց խնդիրների մասին, ինքնահաստատման միջոց է, մտերմության չբավարարված կարիքի փոխհատուցում կամ ձանձրալի պարտականություն` ամեն ինչ, միայն ոչ «մարմնի լեզու, որով խոսում է հոգին»: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով` Մարիան ի վերջո հասկանում է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար է առանց մարմինների եւ հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող է պարգևել միայն իսկական սեր:

Մարմնավաճառներին հիշատակում են հինավուրց մագաղաթներում, Հին ու Նոր կտակարաններում, նրանց մասին գրել են եգիպտական հիերոգլիֆներով և շումերական սեպագրությամբ: Բայց որպես մասնագիտություն դա սկսվել է ձևավորվել միայն 6-րդ դարում՝ նախքան Քրիստոսի ծնունդը, երբ հույն օրենսդիր Սոլոնը հիմնադրեց հասարակաց տներ, որոնք վերահսկվում էին պետության կողմից, և որոնցից հարկ էր գանձվում <<մարմինը վաճառելու>> համար: Գործարար աթենացիները ուրախացել էին, որովհետև մինչ այդ արգելված առևտուրը դարձել էր օրինական: Իսկ ինչ վերաբերում է մարմնավաճառներին, ապա նրանց սկսեցին դասակարգել ըստ իրենց վճարած հարկերի:
Ամենաէժանագինը հաստատության տերերին պատկանող ստրկուհին էր, որը կոչվում էր պոռնա: Հաջորդը պերիպատետիկան էր, նա իր հաճախորդներին փողոցում էր գտնում: Վերջապես, գնի և բարեմասնությունների առումով ամենաբարձր տեղում էր հետերան՝ <<ընկերակցուհին>>, որը ճամփորդությունների ժամանակ ուղեկցում էր գործարար տղամարդկանց, հաճախում բարձրակարգ ռեստորաններ, իր փողի տերն էր, խորհուրդներ էր տալիս և միջամտում Աթենքի քաղաքական կյանքին: Ինչպես տեսնում ես, այն, ինչ երեկ էր, այսօր էլ դեռ կա:
Մյուս պատմությունը դրա հակոտնյան է. դա սրբազան մարմնավաճառությունն է:
Հույն պատմագիր Հերոդոտը գրում էր Բաբելոնի մասին. <<Այնտեղ մի արտասովոր սովորույթ կա. Շումերում ծնված յուրաքանչյուր կին պարտավոր է իր կյանքում առնվազն մեկ անգամ գնալ Իշտար դիցուհու տաճարը և, ի նշան հյուրընկալության, իր մարմինը տալ որևէ անծանոթի՝ աննշան վճարի դիմաց:
Իշտար դիցուհու ազդեցությունը տարածվել էր ամբողջ Միջին Արևելքում, հասել էր մինչև Սարդինիա, Սիցիլիա և միջերկրածովյան նավահանգիստներ: Ավելի ուշ, երբ ստեղծվել էր Հռոմի կայսրությունը, մի այլ դիցուհի՝ Վեստան պահանջում էր կա՛մ բացարձակ կուսություն, կա՛մ էլ բացարձակ լրբություն: Սրբազան կրակը վառ պահելու համար նրա տաճարի քրմուհիները երիտասարդներին և թագավորներին մարմնական սեր էին ուսուցանում. երգում էին տարբեր գովերգեր, ընկնում էին բնազանց վիճակի՝ <<մայրուղու>> մեջ և իրենց զմայլանքը փոխանցում էին տիեզերքին՝ որպես մի տեսակ հաղորդություն կուռքի հետ:

Երբ նստած եմ պանդոկի շեմին,
Ես՝ Իշտարը՝ դիցուհիս,
մարմնավաճառ եմ, մայր, կին, կուռք:
Նա եմ, ում կոչում են Կյանք,
թեև դուք կոչում եք Մահ:
Նա եմ, ում կոչում են Օրենք,
թեև դուք կոչում եք Ապօրինություն:
Նա եմ, ում փնտրում եք,
և նա, ում դուք գտել եք:
Ես այն եմ, ինչ դուք ցրիվ եք տվել,
իսկ այժմ կտորներս եք հավաքում:

Ոչ ոք չգիտի, թե ինչու սրբազան մարմնավաճառությունն անհետացավ գրեթե երկու հազարամյակ տևելուց հետո: Միգուցե պատճառը հիվանդություններն էին կամ հասարակությունը, որը փոփոխել էր իր կանոնները, երբ կրոնները նույնպես փոխվել էին: Վերջապես դա գոյություն չունի և այլևս գոյություն չի ունենա: Մեր օրերում տղամարդիկ են իշխում աշխարհին, և ցանկացած կնոջ, որը շեղվում է շիտակ ճանապարհից, դրոշմում են <<պոռնիկ>> բառով:

 

Վիգեն Զարգարյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին