«Ինչպիսի՞ն են հայ զբոսաշրջիկների մասին փարիզեցիների կարծիքներն, ինչպիսի՞ արձագանքներ ունեն Փարիզի հյուրանոցների ու թանգարանների աշխատակիցները Հայաստանից ժամանածների վերաբերյալ» ,- այս հարցն Asekose.am-ն ուղղեց Ֆրանսիայի տուրիզմի զարգացման ԱՏՈՒ ՖՐԱՆՍ գործակալության ԱՊՀ –Ռուսաստան բաժնի տնօրեն՝ Ինեսա Կորոտկովային: Նրա խոսքով կան ընդհանուր` ռուսախոս զբոսաշրջիկների մասին արձագանքներ, որոնք , պետք է ասել, ավելի ու ավելի դրական են դառնում. «Եթե 90-ականներին հյուրանոցների տերերը մտածում էին տուրօպերատորների հետ պայմանագիր կնքել, թե ոչ, այժմ նման հարց չկա... Որքան շատ Հայաստանից զբոսաշրջիկներ այցելեն Ֆրանսիա, մեր ֆրանսիացի գործընկերներից ավելի շատ արձագանքներ կլսենք: Փարիզը Ֆրանսիայի դարպասներն է, սակայն զբոսաշրջության արժեքները նաև Փարիզից դուրս են և Հայաստանից այցելողները պետք է նաև ֆրանսիական այլ քաղաքներ մեկնեն, որպեսզի բացահայտեն Ֆրանսիան իր բոլոր գույներով ու զբոսաշրջության տարբեր ուղղություններով` լեռնադահուկորդային հանգստավայրեր, գոլֆի դաշտեր, գինեգործության բացահայտումներ, մշակութային փառատոններ»,-նշել է Ինեսա Կորոտկովան:
Ֆրանսիան զբոսաշրջիկների հոսք ակնկալում է հատկապես 2016-ին, երբ երկրում անցկացվելու է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Ընկերությունը դրանից առաջ էլ շարունակելու է ԱՊՀ զբոսաշրջիկներիին ներկայացնել Ֆրանսիա այցելելու զբոսաշրջային առավելութունը:
Ֆրանսիայի տուրիզմի զարգացման ԱՏՈՒ ՖՐԱՆՍ գործակալությունը Հայաստանում գրասենյակ բացելու նպատակ չունի, սակայն ակնկալվում է հայ տուրօպերատորների ու զբոսաշրջության մասին գրող լրատվամիջոցների հետ համագործակցության ակտիվացում:
Ի դեպ, առաջիկա ամիսներին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն է մտադիր ակտիվացնել զբոսաշրջության խթանման քայլերը` դեսպանատան կայքում բացելով հայերեն ու ֆրանսերեն բաժին` «Ֆրանսիան սպասում է քեզ» վերնագրով:
Իսկ ստորև ներկայացվող տեսանյութը` փոքրիկ ու գեղեցիկ ակնարկ է բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր նախատեսում են այցելե Ֆրանսիա: