▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Փաշինյան, ո՞րն է Ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Պարոն Փաշինյան, ո՞րն է ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը:

Արցախյան երկրորդ պատերազմի սկզբից չորս ամիս է անցել, ամեն օր առավել ակնհայտ են ձեր իրական մտադրություններն ու նպատակները: Մարդիկ այժմ ստիպված են դիմանալ ձեր ստերին ու մանիպուլյացիաներին, որոնց նպատակն է խայտառակ պարտության և այսօրվա քայքայիչ գործընթացների մեղքը բարդել ում վրա ասես, բացի ձեզանից՝ երկրի ղեկավարից և գերագույն գլխավոր հրամանատարից 

Այսօր, փաստորեն, դուք պաշտպանում եք հայ ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծած և հաղթանակ տարած երկրի՝ Ադրբեջանի շահերը: Դրա վառ հաստատումն է ՀՀ ԱԺ-ում Շուշիի մասին Ձեր ելույթը: Ձեր խոսքերն այն մասին, որ Շուշիի 90 տոկոս բնակչությունն ադրբեջանցիներ են, հերթական սուտն են ու սադրանքը, որոնց նպատակը կարող է լինել միայն Ալիևին ձայնակցելու, նրա զավթողական քաղաքականությունն ու Ձեր դավաճանությունն արդարացնելու ու օրինականացնելու ցանկությունը: 

Ինչո՞ւ Դուք չհիշեցիք, որ դարեր շարունակ Շուշիի բնակչության մեծամասնությունը կազմել են հայերը, չպատմեցիք, թե ինչ կերպ և ինչ հանգամանքներում է փոխվել այս քաղաքի բնակչության էթնիկ կազմը: ԼՂ հարցով բանակցային երկարամյա գործընթացի ընթացքում հայերի ու ադրբեջանցիների ի՛նչ հարաբերակցություն է ամրագրվել:

Ինչո՞ւ Ձեզ չի հուզում Ադրբեջանին հանձնված հայկական գյուղերի ճակատագիրը, որ այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, որ այդտեղ երբևէ չեն ապրել, ինչո՞ւ չեք խոսում այն մասին, թե առաջիկայում մեր տարածաշրջանում, Ձեր ակտիվ մասնակցությամբ Ադրբեջանին հանձնված հայկական տարածքներում ինչ կերպ կարող է փոխվել մեր շրջանում բնակչության էթնիկ հարաբերակցությունը:

Ձեզ չեն հուզում մարդկանց վիշտն ու տառապանքները, Հայաստանի ճակատագիրը, սփյուռքի հայերի վիճակը, որ, ի դեպ, դեռ չեն ստացել իրենց հարցի պատասխանը՝ ի՞նչ հիմքով եք դուք այդպես ցուցադրաբար ու ոչ նպատակային ծախսել աշխարհի տարբեր անկյուններից պատերազմի օրերին ուղարկված բարեգործական միջոցները: 

Պարոն Փաշինյան, այժմ Ձեր առաջ դրված հակահայկական հաջորդ նպատակը ո՞րն է:

Կամազրկություն ավելացնելով այնտեղ, որտեղ պետք է պաշտպանել պետության և ժողովրդի շահերը, ստորագրություն դնելով Ձեզ թելադրվող ցանկացած փաստաթղթի տակ, դուք նախանձելի եռանդով և ցանկացած մեթոդով պաշտպանում եք Ձեզ և ձեր շրջապատը, որ մեղավոր են Արցախյան պատերազմում պարտության և Հայաստանի մասնատման ուղղությամբ կատարված քայլերի համար:

Ժողովրդի և բանակի բարոյալքման համար ամեն ինչ անելով, երբեմն Ձեզ պատերազմը դադարեցրած փրկիչի դեր վերագրելով, երբեմն ժողովրդին նոր պատերազմով ահաբեկելով՝ Դուք ձեր գլխավոր պաշտպանի՝ Ալիևի հետ այսօր նոր վտանգավոր խաղ եք տանում և հիմքեր եք ստեղծում նոր պատերազմի համար:

Այն պատճառով, որ դուք ժամանակին չցանկացաք դադարեցնել պատերազմը, մենք կորցրինք հազարավոր կյանքեր և տարածքներ Հայաստանում ու Արցախում: Իսկ այսօր, պաշտպանելով և ժամանակին Ձեզ ու Ձեր լիազորությունները չդադարեցնելով՝ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամները, Ձեզ հետ միասին, պատասխանատվություն են կրում սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի խորացման, կյանքերի ու հողերի կորստի համար:

Չհեռանալու Ձեր համառ ցանկությամբ՝ ոչ միայն ընդլայնում եք հարցերի շրջանակը, որոնց համար ստիպված կլինեք պատասխան տալ ժողովրդին, այլ նաև այս շրջանակում ներառում եք նոր անձանց, առաջին հերթին բոլոր նրանց, որոնք, ըստ օրենքների, Հայաստանում կարող են դադարեցնել Ձեր հակազգային և հակապետական գործունեությունը, բայց դա չեն անում և դրանով իսկ դառնում են մեր ժողովրդի պատմության մեջ ամենամեծ խաբեության և դավաճանության հանցակիցը»,- գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին