«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան-Քոչարյան հնարավոր «գործարքի» մասին
2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին, երբ այևս պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր 3-րդ բևեռի ձևավորման գործընթացի խոչընդոտումը՝ հիմնական մրցակից թողնելով նախկիններին, որոնց վերադարձի քարոզչությամբ կարողանում էր մանիպուլյացիայի ենթարկել իր հանդեպ դեռևս հավատ ունեցող որոշ «ընտրազանգվածի», ինչը Մուկուչյանի մեթոդաբանությամբ հնարավորություն տվեց արձանագրել ՔՊ խմբակի «հաղթանակը»։ Այն խոչընդոտելու նպատակով փորձեցի գաղտնազերծել և հրապարակել 2018թ-ի «հեղափոխության» ստվերային էջերը, մասնավորապես՝ «թավիշն իրականություն դարձավ միմիայն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ու աջակցությամբ», ինչը շատերն էին հասկացել, որին ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չէր կարող նման «խզբզոցի» հեղինակ լիներ։
ԱԺ արտահերթ ընտրություններից մեկ տարի անց, երբ իշխանության զգալի հատվածը հանձնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին, հունիսին հրապարակեցի «այն դավադիր քաղաքական գործընթացները, որ սկսվել էր 1996թ-ից»՝ ներկայացնելով 2018թ-ի զարգացումները, անդրադառնալով նաև ներկա իրավիճակին։ Համադրելով փաստերը և Արցախի հարցում օրվա իշխանությունների բացահայտ հակահայկական դրսևորումները, անհերքելի է դառնում այն եզրահանգումը, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի պրոյեկտն է՝ արտաքին ուժերի հովանու ներքո։
Այդ հրապարակմանը շատ ագրեսիվ արձագանքեց ՀԱԿ-ը /Աշոտ Սարգսյան և այլոք/՝ մեղադրելով ինձ Քոչարյանի պատվերը կատարելու մեջ։
1995թ-ից լինելով հրապարակային քաղաքական գործիչ, երբևէ առիթ չեմ տվել որևէ մեկին ինձ կասկածելու և նման մեղադրանք ներկայացնելու, ինչի մասին լավագույնս տեղյակ է նույն հոդվածի հեղինակը, մասնավորապես, երբ արդեն 1996թ-ին մի խումբ քաղաքական գործիչներ իշխանության ներսում, որոնց մի մասը նաև իշխող ՀՀՇ վարչության անդամներ էին, այդ թվում՝ ես, ահազանգում էինք ներսից, որ այս վիճակը լավ հանգրվանի չի բերելու։ Ինձ փորձում էին ապացուցել, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ՝ առաջարկելով գործարք 1997թ-ի ամռանը ՀՀՇ հերթական համագումարի նախաշեմին, որը մերժելուց հետո, 1997թ-ի սեպտեմբերին, երբ ձևավորվեց «Հայրենիք» պատգամավորական խումբը, անմիջապես հետևեց մի քանի շինծու քրեական գործերի հարուցում իմ և իմ մտերիմների նկատմամբ։ Վերջերս նույն Աշոտ Սարգսյանը «հիմնավորել» էր, որ Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը գործարքի մեջ են, որով նա փորձել էր հանրության ուշադրությունը շեղել իմ վերջին հրապարակումից, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի գործիքն է և իշխանությունը նրանց հետ ձևավորվել է փայատիրական սկզբունքներով։
Հոդվածի հեղինակը, եթե լիներ ազնիվ ու ունենար համարձակություն, պետք է արձանագրեր, որ երկուսն էլ հովանավորվում են Ռուսաստանի կողմից և եթե նրանց մեջ գործարք կա, ապա իրականացնողը Կրեմլն է»։
«Փաշինյան-Քոչարյան հնարավոր «գործարքի» մասին»․ Պետրոս Մակեյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet