▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել է. Նա Բերձորից տեղահանվածներից է

Այսօր Վայոց Ձորի մարզում  վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը Բերձորից  տեղահանված ու այժմ Վայոց Ձորի մարզում վարձով բնակվող  Ն. Ա.-ն է: Նա այժմ ձերբակալված է ու քննչական կոմիտեում է:



Aravot.am-ը գրում է, որ զրուցել են Ն. Ա-ի ամուսնու հետ, փորձել պարզել՝ տան խնդի՞րն է կինը փորձել բարձրացնել վարչապետի մոտ, ի պատասխան՝ նրա ամուսինն ասել է. «Թքած ունեմ տան վրա, չէէ, տան հարց չէր, ուղղակի հիմա ժամանակ չունեմ, որ ասեմ, հետո անպայման կասեմ»:

Կայքի տեղեկություններով՝ այսօր վարչապետին մոտեցել են նաեւ Բերձորից այլ տեղահանվածներ, որոնք վարձով են բնակվում Վայոց Ձորի մարզում ու տան չլուծված խնդիրն են ներկայացրել  Նիկոլ Փաշինյանին:

ՀՀ ՔԿ-ից այս մասին հայտնում են.

2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։

Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։

Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին