Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Նա առաջարկում է, որ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, իսկ եկեղեցիներում էլ բարձրացվի ՀՀ դրոշը։
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի թշնամին է, նրա այս խոսքերը կարող էին ասել նաև Փաշազադեն կամ՝ Իլհամ Ալիևը։
«Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, Քրիստոս է հաստատել Եկեղեցին: Եթե Տրդատ Մեծին հարցում անելու հնարավորություն լիներ, թե արդյոք ինքն է ստեղծել կամ հաստատել Հայ եկեղեցին, վստահաբար, նա հարցի հեղինակին խենթ կհայտարարեր եւ համապատասխան միջոցներ ձեռք կառներ նրան հասարակությունից պատշաճ հեռավորության վրա մեկուսացնելու եւ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար: Հիմա կարդացել եմ, որ ասում է, թե՝ պետությունն է ստեղծել: Դե, եթե պետությունն է ստեղծել, կարող է ի՞նքն է ստեղծել։ Այս նույնը կասեր Փաշազադեն, Ալիևը, նա առաջ է տանում իր եղբայրների խոսույթը: Նա Եկեղեցին չի քայքայում, նա հային է քայքայում, նա Եկեղեցուն ոչինչ չի կարող անել, նա ընդամենը թշնամու՝ սատանայի ճամբարն անցած մարդ է, ես ի՞նչ մեկնաբանեմ: Ինչ վերաբերվում է ՀՀ օրհներգը եկեղեցիներում երգելուն, պետք է ասեմ, որ օդից կախված չար լեզուները հայտնում են, որ այն արդեն, ճիշտ է՝ «յաւարտ սրբոյ պատարագի», բայց երգվում է որոշ եկեղեցիներում կաթողիկոսական օրհներգի փոխարեն: Այս հարցի շուրջ մենք էլ մեր պատկերացումներն ու առաջարկություններն ունենք: Հայոց պետականությունը պահպանվեց միայն Տրդատ Մեծի ընդունած միակ ճիշտ որոշման՝ Հայոց աշխարհում արդեն իսկ քարոզված ու ծաղկող առաքելական հավատը պետական բարձր մակարդակով ընդունելու շնորհիվ: Հետեւաբար, ինչու՞ ՀՀ օրհներգ չդարձնենք Էջմիածնի հիմնը»,- Այսօր․am-ի հետ զրույցում ասել է Տեր Ահարոնը։
Տեր Հայրը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը չի հաջողելու։ Տեր Հոր խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է օտարների շահերը։
«Եթե այսօր դուրս գաս ու մի աղանդավորի ապտակես, Հայաստանում ինչքան դեսպան կա՝ գայլային ոռնոց կգցեն, բայց Եկեղեցու դեմ ինչ այլանդակություն անում են՝ բոլորը լուռ են: Սա նշանակում է, որ նա սպասարկում է օտարների շահերը, իսկ եթե սպասարկում է օտարների շահերը, նշանակում է՝ չի սպասարկում մեր շահերը, իսկ եթե մեր շահերը չի սպասարկում՝ նա մեզ համար թշնամի է։ Դարեր շարունակ Եկեղեցին հային հայ է պահել, երբ ամեն անգամ կորցել ենք մեր պետականությունը, Եկեղեցին է հայի մեջ հայկականությունը պահել, հիմա ինքն ո՞ւմ դեմ է դուրս եկել պայքարի. հայի դեմ: Նա Եկեղեցու դեմ չի պայքարում, նա պայքարում է մեզ՝ հայերիս դեմ: Իսկ մենք՝ հայերս, մեզանից յուրաքանչյուրը իր հերթին եւ իր տեղում ի՞նչ է անում առկա իրավիճակը շտկելու, Հայրենիքի ու Եկեղեցու համար, միայն վիճակագիրնե՞ր ենք, թե՞ իրավիճակի տեր ու տնօրեն: Երբ այդ հրեշը խոսում է, կարծիք է հայտնում կամ հայտարարություն է անում մի բանի մասին, մենք ոչ թե պետք է կրկնենք նրա ասածը, այլ փորձենք հասկանալ, թե որն է այդուհետեւ մե՛ր անելիքը»,- ընդգծել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը։
Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանին սատարող իրավապահների համար Տեր Ահարոնը օրինակ բերեց ու ընդգծեց՝ թող խելքի գան։
«Բոլդուին 4-րդը, որը 14 տարեկանում 1174 թ. գահ բարձրացավ Երուսաղեմում, 16 տարեկանում հաղթեց Սալահ ադ-Դինին, իր զորավարներից մեկին ասում է. «Ես 16 տարեկան էի, երբ հաղթեցի Սալահ ադ-Դինին, այն ժամանակ մտածում էի, որ ես հավերժ եմ ապրելու, այժմ գիտեմ, որ 30 տարեկանին էլ չեմ հասնելու։ Մենք չենք կարող կանխորոշել ապագան… Թագավորը կարող է պահանջել հպատակություն, հայրը՝ հնազանդություն, բայց հիշիր՝ ով էլ լինի քո տիրակալը, քո հոգու համար միակ պատասխանատուն դու ես: Եւ երբ Աստված քեզ կանչի, դու չես կարող նրան ասել, որ կուրորեն կատարել ես քո տիրակալի հրամանը՝ չմտածելով հետևանքների մասին՝ պատվի մասին, քաջության մասին»։ Սա թող մեր ուժայինների համար ի գիտություն լինի»,- նշել է Տեր Ահարոնը։
Վերջերս Տեր Ահարոնը մի ուսումնասիրության մասին է կարդացել, որն արվել է ԱՄՆ-ում։ Ըստ այդ ուսումնասիրության՝ մուրացկաններից 92 տոկոսի տատերը եղել են մարմնավաճառներ։
«Արդեն ենթադրելի է, թե փողի դիմաց իրենց հոգին վաճառողների, Եկեղեցին ապօրինի շրջափակողների սերունդները ինչ պետք է լինեն։ Աստծո առաջ ամեն ոք ինքն է պատասխան տալու: Իրենք պատուհասվելու են. թող խելքի գան: Հրեշն ուժեղ է սրանցով: Եթե ուժայինները նրա կողքին չկանգնեն, ակնհայտ կդառնա նրա ոչնչությունը: Մեր Տեր Հայրերից մեկը ինձ փոխանցեց մի նախկին ոստիկանի վկայություն այն մասին, որ ինքը թողել է իր պաշտոնը այն բանից հետո, երբ շարունակ պաշտոնակիցներից գանգատներ է լսել նրանց ընտանիքների՝ քաղցկեղով պատուհասվելու մասին: Հեռատես ու ողջախոհ լինելով՝ նա թողել է իր պաշտոնը, որպեսզի իր հարազատներին հեռու պահի չարաբաստիկ պատուհասներից»,- ասել է Տեր Հայրը։
Տեր Ահարոնը գնահատականներ չի տալիս այն Սրբազաններին, ովքեր Եկեղեցու դեմ պայքարում միացել են Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ Աստծո օծյալներ են։
«Նրանք օծյալ են, քանի դեռ իրենց կարգից չեն զրկվել: Զերծ կմնամ մեկնաբանություն անելուց, քանի որ Աստծո օծյալ են, օծյալի դատաստանն Աստված է անում, այդ մասին մենք իմանում ենք Աստվածաշունչ գրքերի մի շարք տեղիներից: Բերենք միայն Մովսես եւ Դավիթ մարգարեների օրինակը: Մովսեսը ամուսնացել էր եթովպուհու հետ, եւ նրա քույր Մարիամը, որը նույնպես , ի դեպ, մարգարե էր, վատաբանում է նրան, թե՝ Մովսեսը օտարազգի կին է առել,- եւ հավելում է. «Մի՞թե Տերը միայն Մովսեսի հետ խոսեց, Նա նաեւ մեզ հետ չխոսե՞ց»: Աստծո Խոսքի վկայությամբ, քանի որ ամբաստանված Մովսեսը աշխարհի ամենահեզ մարդն էր եւ, ինչպես ասում են՝ ոչ կոնֆլիկտային, Տեր Աստված Ինքն է պաշտպանում նրա դատը եւ պատժում է Մարիամին, որը բորոտ է դառնում: Մովսեսը աղերսում է Տիրոջը բուժել քրոջը: Տեր Աստված շատ ուշագրավ պատասխան է տալիս Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթը օր չէր ամաչելու, ուրեմն յոթը օր նա թող հեռանա բանակատեղիից եւ հետո վերադառնա»: Աստված մեղավորին որպես Հայր է մոտենում եւ պատժում է խրատելու եւ ոչ թե կործանելու համար(Թվեր 12): Դավիթ մարգարեն, որը Տիրոջ կողմից Սամուել մարգարեի ձեռամբ օծվել էր որպես Իսրայելի հաջորդ թագավոր, հալածվում էր Սավուղ թագավորի կողմից, որը ուզում էր սպանել նրան, որ հանկարծ իր գահը չխլի, որովհետեւ Դավիթը վայելում էր ոչ միայն Աստծո հովանավորությունը, այլեւ ժողովրդի սիրելի հերոսն էր: Դավիթը բազմիցս հնարավորություն ունեցավ սպանելու Սավուղին, բայց այդպես չարեց, որովհետեւ նրա հավատամքն էր, որ Տիրոջ օծյալի վրա չի կարելի ձեռք բարձրացնել(Ա Թագ. 24; 11)»,-հավելել է Տեր Ահարոնը։
Դիտեք նաև՝


