▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 19.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Փաստաբանը՝ ոստիկանությունում արցախցի երիտասարդի ծեծի ու դրան հաջորդած դեպքերի մասին

Փաստաբան Ռոման Երիցյանը մանրամասներ է հայտնում ոստիկանությունում արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ծեծի դեպքից ու դրան հաջորդած դեպքերից

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրանը մենակ չէ։ Վաղը, ժամը 19:30-ին, Մամիկոնյանց 46/5 հասցեում»։

«Այսօր տեղեկացա, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ոստիկանության կողմից Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման վերաբերյալ, բայց դրա շրջանակներում տարվում է շատ պասիվ և անլուրջ նախաքննություն, այսինքն՝ որևէ ակտիվ նախաքննական գործողություն հանցագործներին «մերկացնելու» կամ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ չի կատարվում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց արցախցի փաստաբանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը որևէ մեկը չի ձերբակալվել և չկա տեղեկատվություն, թե ովքեր են եղել այն ոստիկանները, որոնք արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել են խոշտանգման։

***

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Հանրապետության նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներ, վարչակազմերի և համայնքների ղեկավարներ, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ես հասկանում և քաջ գիտակցում եմ, որ որպես արցախյան պաշտոնյաներ իշխանական որևէ լիազորություն Հայաստանում իրագործել չեք կարող և ըստ այդմ՝ ՀՀ-ում արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականությանը կամ դրա որևէ բնագավառին ազդելու պաշտոնեական հնարավորություն չունեք։ Նշվածով պայմանավորված դիմում եմ ձեզ ոչ թե որպես պաշտոնյաների, այլ որպես հասարակ արցախցիների։
Եթե Տիգրան Ուլուբաբյանի հետ տեղի ունեցածին պաշտոնական գնահատական տալ չեք կարող, ապա Տիգրանի կողքին կանգնել ոչ միայն կարող եք, այլև՝ պարտավոր։ Սա այն դեպքն է, երբ բոլորս պետք է ցույց տանք միասնականություն։ Տիգրանի խոսքերով՝ ոստիկանության ծառայողները կարծել են, որ ինքը միայնակ տղա է, ուստի եկեք ցույց տանք, որ Տիգրանը մենակ չէ։ Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է։
Տիգրանը Հայաստանում ոստիկանության խոշտանգման առաջին կամ առաջին արցախցի զոհը չէ։ Անձամբ ես զբաղվել եմ այսպիսի տասնյակ դեպքերով, սակայն այս դեպքը յուրահատուկ է և հանրային հստակ պայքար պահանջող։ Սա այնպիսի դեպք է, երբ արցախցիներս կարող և պարտավոր ենք ցույց տալ միասնականություն՝ առանց որևէ քաղաքական կամ այլ շահագրգռվածության՝ միայն ու միայն արդարության պահանջով։ Տիգրանին ծեծած և նրա նահատակված հարազատներին հայհոյած ոստիկանները հենց վաղն էլ պետք է ձերբակալվեն։ Նրանց պաշտոնավարումն անհապաղ պետք է դադարեցվի։
Խոշտանգվել է երեք պատերազմների մասնակից, ծնողազուրկ երեխա, զոհվածի որդի և եղբայր։ Խոշտանգվել է մեր հայրենակիցը, իսկ մենք նրա կողքին չե՞նք կանգնում։ Մենք հաշտվո՞ւմ ենք դեպքի առթիվ միայն ծառայողական քննություն նշանակելու կամ ձևական առումով քրեական վարույթ նախաձեռնելու հետ։ Մենք լուռ նայելու կամ հետևելու ենք պասիվ նախաքննությանը և հետո զարմանանք, թե ինչո՞ւ է վարույթը կարճվում ապացույցների անբավարարության հիմքով։ Մենք թույլ ենք տալո՞ւ, որ ոստիկանները թաքցնեն ապացույցները, մնան անպատիժ և շարունակեն նույն ձև։ Ըստ ձեզ՝ նորմա՞լ է, որ մինչև հիմա պարզ չեն Տիգրանին խոշտանգման ենթարկած ոստիկանների տվյալները։
Հարգելի’ ժողովուրդ, որպես իրավաբան եմ վստահեցնում՝ ոստիկաններին ձերբակալելու և նրանց պաշտոնավարումը կասեցնելու հիմքերը հենց այս պահին էլ անպակաս են, ուստի հաշվի առնելով հարցի լուծման դատավարական եղանակի անպիտան լինելը՝ բոլորիդ խնդրում եմ մարտի 19-ին՝ 19:30-ին, Մամիկոնյանց 48/3 հասցեում միանալ Տիգրանին՝ ցույց տալու համար, որ ոստիկանները սխալվել են՝ կարծելով, թե ինքը միայնակ է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին