Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ պաշտոնապես նախագահի թեկնածուների անուններ չունի: ՀՖՖ իրավաբանական անձանց միության անդամները դեռ չեն ներկայացրել իրենց թեկնածուներին, իսկ առաջադրման վերջնաժամկետը լրանում է 6 օրից. նրանք դա կարող են անել մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ:
ՀՖՖ-ի՝ այս պահին գործող կանոնադրության համաձայն՝ նախագահ կամ գործադիր կոմիտեի անդամ կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող, Հայաստանում մշտապես բնակվող յուրաքանչյուր քաղաքացի:

Թեեւ պաշտոնապես դեռ թեկնածուներ չկան, սակայն ֆուտբոլային աշխարհում վստահություն կա, որ կառույցի նոր նախագահը դառնալու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Ֆուտբոլային շրջանակներում այս առիթով ոգեւորություն կան: Մասնավորապես՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 9 ակումբները՝ «Փյունիկը», «Արարատ Արմենիան», «Լոռին», «Ալաշկերտը», «Արարատը», «Շիրակը», «Արցախը», «Բանանցը», «Գանձասար-Կապանը», ողջունել են նրա տարբերակը ու իրենց աջակցությունը հայտնել:
Ֆեդերացիան 2002 թվականից գլխավորող Ռուբեն Հայրապետյանը, որը նախկինում բազմիցս նշել է, որ միայն իրեն է տեսնում այդ պաշտոնում, նույնպես կողմ է Վանեցյանին: Նա հայտարարել է, որ, եթե Վանեցյանն առաջադրվի, ինքը չի առաջադրվի:

Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 22-ին. ընտրական ժողովը լրատվամիջոցների համար լինելու է բաց: Նախապես լինելու է հավատարմագրում:


