▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմության ընթացքում եկեղեցին եկեղեցուց արտաքսել է անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին. Արշակ Սրբազան

Այսօր՝ հունվարի 7-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն, անդրադառնալով երեկ մատուցված Սուրբ պատարագին, որին  պետական այրերը ներկա չէին, Արշակ Սրբազանն արձագանքեց, որ դա պետական պաշտոնյաների որոշումն է. «Մենք այսօրվա իրավիճակով պայմանավորված հրավերներ եւ շնորհավորանքներ չենք ուղղել Սուրբ Ծննդյան առիթով եւ հետեւաբար նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի հրավերին ընդառաջ։ Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որեւէ մեկի առջեւ չենք փակում, քանի դեռ նա եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում»։

Հարցին՝ արդյոք դա դիտարկվո՞ւմ է որպես արհամարհանք եկեղեցու նկատմամբ, Արշակ Սրբազանը շեշտեց, որ եկեղեցու նկատմամբ արհամարհանք ոչ ոք չի կարող դրսեւորել.

«Ես չեմ կարող որեւէ բացատրություն տալ այդ առնչությամբ, միայն կարող եմ ասել, որ եկեղեցու նկատմամբ արհամարհանք չի կարող դրսեւորել ոչ ոք։ Համենայնդեպս եկեղեցին այն հաստատությունը չէ, որի նկատմամբ որեւէ մեկը կարող է մտածել, որ որեւէ մեկ կարող է արհամարհանք դրսեւորել։ Եկեղեցու բնույթի առանձնահատկություններից ելնելով՝ արհամարհանքն ինքնաբերաբար վերադարձվում է։ Նույնն է, որ արհամարհանք դրսեւորես Աստծո նկատմամբ»։

Անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցու դեմ արշավանքներին, Արշակ Սրբազանը նշեց, որ այդպիսի երեւույթներ նկատվել են.

«Առիթ ունեցել եմ ասելու, որ, այո, քայլեր դիտվել են՝ ուղղված եկեղեցուն։ Երբեմն դա հակում կար բացատրելու հետհեղափոխական էյֆորիայի պրոցեսներում, հակում կար իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ դրսեւորված մեղմ ասված՝ եկեղեցու նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքով, երբեմն դա փորձում էին ներկայացնել որպես մասնավոր եկեղեցականների դեմ ուղղորդված քայլեր։ Դժվարանում եմ ամբողջական բացատրություն գտնել այդ քայլերին, բայց որ այդպիսի երեւույթներ նկատվեցին, կարծում եմ՝ անզեն աչքով էլ նկատելի էր»։

Անդրադառնալով տարածված այն լուրին, թե Սուրեն Պապիկյանն է ուղղորդում եկեղեցու դեմ շարժումը, Սրբազանը դժվարացավ պատասխանել. «Տեսել եմ այդ տեղեկատվությունը, բայց դժվարանում եմ՝ հաստատել կամ հերքել։ Միայն կարող եմ ասել, որ որոշ պետական պաշտոնյաներ իրենց մասնավոր էջերում տարածում էին թե եկեղեցու, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ինչ-որ ակտեր իրականացնելու վերաբերյալ քարոզչություն»։

Հարցին, ըստ իրեն, ինչո՞ւ իշխանությունը պետք է դեմ լինի եկեղեցուն, Սրբազանն ասաց. «Վկայութուն չունեմ ասելու, որ դա կենտրոնացված ուղղորդմամբ իրականացվում է։ Կարող է այդպիսի տպավորություն ստեղծվել հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական այդ պաշտոնյաները, որոնք այդպիսի քարոզչություն իրականացրել են, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Կարող եմ ենթադրել, որ որոշակի քաջալերանք կա»։

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական ներկայացնելու հորդորին եւ Սիսանում հոգեւորականի՝ վարչապետի ձեռքը չսեղմելուն, նա նշեց, որ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը.

«Դա չպետք է դիտարկել անձի նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն, պետք է դիտարկել Հայաստանում ստեղծված վերջին ճգնաժամային իրավիճակի մեջ, եւ թիվ մեկ պատասխանատուի ունեցած թերությունների անկարողության հետեւանք։ Մեր պատմության ողջ ընթացքում եկեղեցին եկեղեցուց արտաքսել եւ եկեղեցուց դուրս է դրել այնպիսի անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, ժողովրդին, քան այս իրավիճակում այն անձը, որը կրում էր թիվ մեկ պատասխանատվությունն այս գործնթացներին։ Չափազանց անհասկանալի կլիներ հանրային տեսանկյունից, եթե եկեղեցին որպես դիտորդ մնար այս իրավիճակում, իսկ ինչը վերաբերում է մեր համոզումներին՝ ուղղակի հնարավոր չէր չարձագանքել այդ երեւույթին»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին