ՀՀ Պետ եկամուտների կոմիտեն պարզաբանում է սերմնահեղուկի ներմուծումը:
Մայիսի 2-ին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անդրադարձել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ուղղած հարցին. վերջինս հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանում կա՞ սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն` ավելացնելով, որ իբր մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ Իսրայելից:
Այս առնչությամբ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետություն 2011թ. ընթացքում ներմուծվել է 2 կգ. սերմնահեղուկ` 98. 552 դրամ մաքսային արժեքով (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 30012010): Ներմուծումը կարգավորվել է «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ:
Այս մասին պատգամավորը տեղեկացվել է 2012թ. մարտին` իր կողմից նույն ժամանակահատվածում արված հարցման հիման վրա:
Ի դեպ սերմնահեղուկի նշված խմբաքանակը, որի ծագման երկիրը Ավստրալիան է, 2011թ.-ից մինչ օրս միակն է և ներմուծվել է Մեծ Բրիտանիայից:
ՊԵԿ-ին անհասկանալի է, թե Իսրայելից ներմուծված ի՞նչ սերմնահեղուկի մասին է նշել պատգամավորը: